Այս ցուցանիշները պետք է ստանաք ձեր հաշվապահից ամեն ամիս
Բիզնեսի ֆինանսական վիճակը հասկանալու համար միայն եկամուտների ու ծախսերի ընդհանուր թվերը բավարար չեն։
Կան մի քանի կարևոր ցուցանիշներ, որոնք ամեն ամիս պետք է ստանաք հաշվապահից՝ հասկանալու համար, թե իրականում ինչ վիճակում է բիզնեսը և ինչ ուղղությամբ է այն շարժվում։
1․ Իրացվելիություն
Այս ցուցանիշը ցույց է տալիս՝ որքանով են կազմակերպության ընթացիկ մուտքերը բավարարում ընթացիկ ելքերին։
Այլ կերպ ասած՝ արդյո՞ք բիզնեսը ունի բավարար միջոցներ իր ընթացիկ պարտավորությունները ժամանակին կատարելու և բնականոն աշխատանքը ապահովելու համար։ Այս ցուցանիշը չունենալու դեպքում հնարավոր է ուշ նկատվի դրամական հոսքերի անհավասարակշռությունը և առաջանան վճարումների հետ կապված դժվարություններ։
2․ Տարբեր գործունեությունների շահութաբերություն
Եթե կազմակերպությունը զբաղվում է մի քանի տարբեր գործունեություններով, կարևոր է հասկանալ դրանցից յուրաքանչյուրի շահութաբերությունը։
Այս տվյալը օգնում է տեսնել, թե որ ուղղությունն է բիզնեսի համար առավել եկամտաբեր, և որտեղ է նպատակահարմար կենտրոնացնել ավելի շատ ռեսուրսներ։
3․ Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի շրջանառելիություն
Այս ցուցանիշները ցույց են տալիս պարտքերի շրջանառության ժամանակահատվածը՝ օրերով։
Դեբիտորական պարտքերի դեպքում պարզ է դառնում, թե միջինում որքան ժամանակում են հաճախորդները վերադարձնում կազմակերպությանը պատկանող գումարները։
Կրեդիտորական պարտքերի դեպքում երևում է, թե կազմակերպությունը միջինում որքան ժամանակում է կատարում իր վճարումները մատակարարներին և գործընկերներին։
Այս տվյալները միասին օգնում են հասկանալ բիզնեսի ֆինանսական կայունությունը, դրամական հոսքերի վիճակը և զարգացման իրական հնարավորությունները։