Վախենում եմ, որ չի ստացվի
Գաղափարը կա, պլանը՝ նույնպես։
Հնարավոր է՝ նույնիսկ արդեն ունես այն ամենը, ինչ պետք է առաջին քայլն անելու համար։ Բայց սկսելու պահն անընդհատ հետաձգվում է։
Սա հաճախ կապված չէ արտաքին պայմանների հետ։ Ավելի հաճախ պատճառը քո ներսում է՝ վախը, որ կարող է չստացվել։
Չես սկսում, որովհետև կարծում ես՝ դեռ պատրաստ չես։ Բայց իրականում պարզապես սպասում ես այն պահին, երբ կդադարես կասկածել ինքդ քեզ։
Այստեղ է հիմնական գաղտնիքը՝ վախը դադարում է ղեկավարել քեզ հենց այն ժամանակ, երբ առաջին քայլդ ես անում։
Դու կարող ես երկար պատրաստվել, սովորել, պլանավորել, բայց մինչև չանցնես գործողությունների, այդ ամենը չի դառնա շոշափելի, իսկ մեզ մոտիվացնում է այն, ինչը մենք տեսնում ու զգում ենք։
Հաճախ կենտրոնանում ես վատագույն սցենարի վրա՝ «եթե մի տարի անց ոչինչ չստացվի ու պարզվի, որ ժամանակս իզուր եմ վատնել»։ Բայց նույնքան կարևոր է քեզ հարց տալ նաև հակառակ ուղղությամբ՝ իսկ եթե մի տարի անց հետ նայես ու հասկանաս, որ չէիր ունենա այն, ինչ ունես, եթե չանեիր այդ մեկ, առաջին քայլը։
Երբ ասում ես՝ «ինձ ժամանակ է պետք», շատ դեպքերում դա նշանակում է, որ դու փորձում ես խուսափել անորոշությունից։
Բայց եթե արդեն ունես գիտելիքի պաշար, պլանավորել ես քայլերդ, ուրեմն սկսիր գործել, դու պատրաստ ես։ Պարզապես մի փոքր վախենում ես։ Եվ դա նորմալ է։
Բայց եթե արդեն ունես գիտելիքի պաշար, պլանավորել ես քայլերդ, ուրեմն սկսիր գործել, դու պատրաստ ես։ Պարզապես մի փոքր վախենում ես։ Եվ դա նորմալ է։
Երբեմն թվում է, թե հաջողության հասած մարդիկ պարզապես ավելի տաղանդավոր են, ավելի հաջողակ կամ ունեն մեծ կապեր։
Իրականում նրանք նույնպես ունեցել են նույն վախերը։ Տարբերությունն այն է, որ նրանք սկսել են՝ ոչ թե որովհետև վստահ էին, այլ որովհետև որոշել էին չսպասել այդ վստահությանը։
Եթե չստացվի՝ արդյունքում դու ձեռք կբերես փորձ, նոր հմտություններ, ավելի հստակ պատկերացում, թե ինչ անել հետո։ Իսկ եթե չփորձես՝ կմնա միայն մի միտք, որը շարունակելու է քեզ անվերջ տանջել՝ «իսկ եթե ստացվե՞ր»։
Հիշի՛ր՝ իրականում ձախողումը ոչ թե սխալվելն է, այլ այն ժամանակը, որն անցնում է «իսկ եթե»-ների ու վախերի մեջ։