8+8+8 կանոնը․ պարզ համակարգ, որը կարող է փոխել քո օրը
Հաճախ մեզ թվում է, թե օրվա 24 ժամը բավարար չէ այն ամենի համար, ինչ պետք է անենք։
Չենք հասցնում ավարտել բոլոր գործերը, ժամանակ չենք գտնում մեզ համար, իսկ հանգստից հետո էլ շարունակում ենք զգալ հոգնածություն։
Արդյունքում սկսում ենք մեղադրել ինքներս մեզ՝ անարդյունավետ լինելու կամ ժամանակը ճիշտ չկառավարելու համար։
Սակայն շատ դեպքերում խնդիրը ոչ թե ժամանակի պակասն է, այլ դրա ոչ արդյունավետ բաշխումը։
Հենց այստեղ կարող է օգնել 8+8+8 կանոնը, որը նպաստում է աշխատանքի, հանգստի և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանմանը։
Այս մեթոդի հիմքում ընկած է օրվա 24 ժամը երեք հավասար մասերի բաժանելու գաղափարը.
8 ժամ՝ աշխատանքի կամ ուսման համար
8 ժամ՝ քնի համար
8 ժամ՝ անձնական կյանքի և հանգստի համար
8 ժամ պրոդուկտիվ աշխատանք
Հատկացրու այս ժամանակը աշխատանքին կամ ուսմանը: Այս ընթացքում պետք է կենտրոնանալ կատարված աշխատանքի որակի, այլ ոչ թե քանակի վրա: Բաժանիր մեծ առաջադրանքները ավելի փոքր մասերի և հատկացրու ժամանակիդ մեծ մասը դրանցից ամենակարևորներին:
8 ժամ որակյալ քուն
Պահպանիր քնի կանոնավոր ռեժիմը, փորձիր ամեն օր քնել և արթնանալ նույն ժամի, որպեսզի օրգանիզմդ լիարժեք հանգստանա:
8 ժամ հանգստի և անձնական կյանքի համար
Օգտագործիր այս ժամանակը այն զբաղմունքների համար, որոնք ուրախություն և հանգստություն են տալիս:
Ազատ ժամանակդ կարող ես բաշխել հետևյալ սկզբունքով.
3Fs – Family, Friends, Faith – Ժամանակ հատկացրու ընտանիքիդ, ընկերներիդ ու հարաբերությունների ամրապնդմանը:
3Hs – Health, Hygiene, Hobbies –
Ուշադրություն դարձրու ֆիզիկական և հոգեկան առողջությանդ: Զբաղվիր սպորտով, հետևիր ինքնախնամքին և ժամանակ տրամադրիր սիրելի զբաղմունքներիդ, որոնք օգնում են վերականգնել էներգիադ:
3Ss — Soul, Service, Smile
Ինքնաճանաչում, ներքին խաղաղություն և շաաատ ժպիտ: Աջակցիր և օգնիր շրջապատիդ մարդկանց, իսկ առօրյայում պահպանիր դրական տրամադրվածությունդ:
Կարևոր է հասկանալ, որ ոչ ոք ամեն օր չի կարող կատարյալ հետևել այս կանոնին։ Կլինեն օրեր, երբ աշխատանքը կգերակշռի, կամ երբ հանգստի համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։
Սակայն եթե երկար ժամանակ օրերդ նույնիսկ մոտ չեն այս կառուցվածքին, մեծ հավանականությամբ կսկսես զգալ գերհոգնածություն և կյանքի նկատմամբ վերահսկողության կորուստ։
8+8+8 կանոնը խիստ սահմանափակում չէ։ Այն ուղղություն է, որը հիշեցնում է, որ արդյունավետ կյանքը կառուցվում է ոչ թե անվերջ զբաղված լինելու, այլ հավասարակշռության վրա։