Նոր աշխատանքի առաջին օրերին բնական է, որ դեռ չգիտեք՝ ում ինչ հարցով դիմել, ինչպես են կազմակերպված գործընթացները կամ ինչ կանոններ կան թիմում, որոնց մասին ոչ մի փաստաթղթում գրված չէ։
Ադապտացիան հենց այն շրջանն է, երբ պետք է ոչ թե փորձել առաջին իսկ օրից ամեն ինչ իմանալ այլ կարևոր է ճիշտ հասկանալ նոր միջավայրն ու աստիճանաբար դառնալ դրա մի մասը։
Մի վախեցեք շատ հարցեր տալ
Առաջին շաբաթները հարցեր տալու լավագույն ժամանակն են։ Եթե ինչ-որ առաջադրանք, գործընթաց կամ ակնկալիք հստակ չէ, ավելի լավ է ճշտել սկզբում, քան երկար աշխատել սխալ ուղղությամբ։ Հատկապես կարևոր է հասկանալ՝ ինչ արդյունք է ձեզանից սպասվում և ինչպես է թիմում ընդունված կազմակերպել աշխատանքը։
Սկզբում ավելի շատ ուսումնասիրեք
Յուրաքանչյուր թիմ ունի աշխատանքի իր ռիթմը։ Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են գործընկերները հաղորդակցվում, ինչպես են քննարկում խնդիրները, ինչպես են որոշումներ կայացնում և ինչպես է բաշխվում պատասխանատվությունը։ Սա կօգնի ավելի արագ հասկանալ թիմի չգրված կանոնները։
Մի փորձեք առաջին օրերից ամեն ինչ փոխել
Նոր միջավայրում որոշ գործընթացներ կարող են ձեզ անտրամաբանական կամ ոչ արդյունավետ թվալ։ Բայց մինչև փոփոխություն առաջարկելը փորձեք հասկանալ՝ ինչու է աշխատանքը հենց այդպես կազմակերպված։ Երբ արդեն ունեք ամբողջական պատկեր, ձեր առաջարկներն էլ ավելի հիմնավորված կլինեն։
Հստակեցրեք ձեր դերն ու առաջնահերթությունները
Մի սահմանափակվեք միայն պաշտոնի անվանումով կամ պարտականությունների ցանկով:
Հասկացեք՝
- որ առաջադրանքներն են առաջնային,
- ինչի համար եք անձամբ պատասխանատու,
- ում հետ եք ամենաշատը համագործակցելու,
- ինչ արդյունք է համարվում լավ աշխատանք:
Շփվեք ոչ միայն աշխատանքի անհրաժեշտությունից ելնելով
Ադապտացիան նաև մարդկանց ճանաչելու գործընթաց է։ Փոքր զրույցները, միասին ընդմիջումը կամ գործընկերների աշխատանքով հետաքրքրվելը օգնում են ավելի արագ զգալ ձեզ թիմի մաս։ Պարտադիր չէ առաջին շաբաթում բոլորի հետ մտերմանալ․ բավական է լինել բաց ու հասանելի հաղորդակցության համար։
Ժամանակ տվեք ինքներդ ձեզ
Նոր աշխատանքում առաջին օրերի անորոշությունը դեռ չի նշանակում, որ միջավայրը ձեզ չի համապատասխանում կամ դուք չեք կարողանում աշխատանքը։
Նոր մարդկանց, գործընթացներին ու պատասխանատվությանը սովորելու համար ժամանակ է անհրաժեշտ։
Լավ ադապտացիայի նպատակը առաջին շաբաթում բոլորին տպավորելը չէ։
Նպատակը հասկանալն է՝ ինչպես է աշխատում թիմը, ինչ է սպասվում ձեզանից և ինչպես կարող եք ձեր տեղը գտնել այդ համակարգում։