Տարվա վերջին ամիսը հաճախ այն շրջանն է, երբ սկսում ենք մտածել՝ ինչ հասցրինք անել այս տարվա ընթացքում, ինչ մնաց կիսատ և ինչ կուզենայինք փոխել հաջորդ տարի։
Բայց մինչև նոր նպատակներ սահմանելը կան մի քանի բաներ, որոնց արժե ժամանակ հատկացնել հենց հիմա։
Սկսիր տարվա սկզբին դրած նպատակներից։
Հիշիր՝ ինչ էիր նախատեսել այս տարվա համար։ Ո՞ր նպատակներն ես իրականացրել, որոնք են դեռ ընթացքի մեջ, իսկ որոնք այլևս արդիական չեն։ Գուցե որոշ նպատակներ պարզապես պետք է տեղափոխել հաջորդ տարի, իսկ որոշներից արդեն ժամանակն է հրաժարվել։
Ամփոփիր՝ ինչ ես սովորել այս տարվա ընթացքում։
Մտածիր՝ ինչ նոր հմտություններ ես ձեռք բերել, ինչ աշխատանքային փորձ ես ստացել, ինչ հաջողություններ ու սխալներ ես ունեցել։ Երբեմն տարվա ամենակարևոր ձեռքբերումները հենց այն փորձն ու գիտելիքներն են, որոնք առաջին հայացքից այնքան էլ նկատելի չեն։
Փորձիր ավարտել այն, ինչ երկար ժամանակ հետաձգել ես։
Գուցե դա կիսատ մնացած դասընթաց է, վաղուց սկսած նախագիծ կամ մասնագիտական առաջադրանք, որի համար անընդհատ ժամանակ չես գտնում։ Պարտադիր չէ փորձել ավարտել ամեն ինչ։ Ընտրիր մեկ-երկու կարևոր գործ, որոնք իրատեսական է հասցնել մինչև տարեվերջ։
Մտածիր՝ ինչ ես ուզում փոխել հաջորդ տարի։
Գուցե ցանկանում ես փոխել աշխատանքդ, նոր մասնագիտություն սովորել, բարձրացնել եկամուտդ կամ ավելի լավ կազմակերպել աշխատանքային առօրյադ։ Փորձիր հնարավորինս հստակ ձևակերպել ցանկալի փոփոխությունը, որպեսզի հասկանաս՝ ինչ քայլեր են անհրաժեշտ դրան հասնելու համար։
Եվ մի սպասիր հունվարի 1-ին՝ առաջին քայլն անելու համար։
Եթե հաջորդ տարի ուզում ես ինչ-որ նոր բան սկսել, կարող ես արդեն հիմա ուսումնասիրել հնարավորությունները, համեմատել տարբերակներն ու նախապատրաստվել։ Այդպես նոր տարին կսկսես արդեն ավելի հստակ պատկերացումներով։
Բայց այս ամենի հետ մեկտեղ կարևոր է հիշել՝ պարտադիր չէ մեկ ամսում հասցնել ամբողջ տարվա չարածը։
Տարվա ավարտը նաև լավ հնարավորություն է գնահատելու անցած ճանապարհը, ընդունելու այն, ինչ չի ստացվել, և հասկանալու, թե ինչ ուղղությամբ ես ուզում շարունակել։