Մասնագիտական գիտելիքներն ու փորձը կարևոր են ցանկացած աշխատանքում։ Բայց լավ մասնագետ լինելը միայն այն չէ, թե որքան լավ ես տիրապետում մասնագիտությանդ։
Աշխատանքային միջավայրում ամեն օր առաջանում են իրավիճակներ, որտեղ կարևոր է՝ ինչպես ես արձագանքում խնդիրներին, աշխատում թիմում, ընդունում փոփոխությունները և որոշումներ կայացնում։ Այստեղ արդեն մեծ դեր ունեն soft skill-երը՝ փափուկ հմտությունները։
Մենք մեր թիմի անդամներին խնդրել ենք առանձնացնել մեկ soft skill, որն իրենց կարծիքով հատկապես կարևոր է աշխատանքում։
Նախաձեռնողականություն — Աննա
Նախաձեռնողական լինել նշանակում է չսպասել, մինչև քեզ ասեն յուրաքանչյուր հաջորդ քայլը։ Կարևոր է կարողանալ ինքնուրույն նկատել խնդիրը, մտածել հնարավոր լուծումների մասին և առաջարկել դրանք։
Այս հմտությունը հատկապես արժեքավոր է այն աշխատանքներում, որտեղ իրավիճակները հաճախ են փոխվում, իսկ բոլոր հնարավոր խնդիրների համար նախապես պատրաստ հրահանգներ պարզապես չեն կարող լինել։
Սթրեսակայունություն — Լալա
Աշխատանքում լինում են լարված շրջաններ, բարդ խնդիրներ և իրավիճակներ, որոնք չեն ընթանում նախապես պլանավորված ձևով։
Սթրեսակայունությունը օգնում է նման պահերին պահպանել հանգստությունը, կենտրոնանալ խնդրի լուծման վրա և շարունակել արդյունավետ աշխատել՝ առանց էմոցիաներին ամբողջությամբ տրվելու։
Արագ կողմնորոշվելու կարողություն — Մերի
Ոչ բոլոր իրավիճակներում ժամանակ կա երկար մտածելու կամ նախապես պատրաստվելու։
Արագ կողմնորոշվելը նշանակում է կարողանալ անսպասելի իրավիճակում հասկանալ՝ ինչ է կատարվում, գնահատել հնարավոր տարբերակները և որոշել, թե որն է տվյալ պահին անհրաժեշտ հաջորդ քայլը։
Ճկունություն — Սուսաննա Ղազարյան
Աշխատանքային պայմանները, խնդիրները և առաջնահերթությունները կարող են փոխվել։ Այն, ինչ աշխատել է երեկ, պարտադիր չէ նույնքան արդյունավետ լինի այսօր։
Ճկունությունն օգնում է հարմարվել այդ փոփոխություններին և անհրաժեշտության դեպքում վերանայել սեփական մոտեցումը՝ առանց կառչելու միայն մեկ աշխատելաոճից։
Հաղորդակցման հմտություններ — Սուսաննա Խաչատրյան
Գրեթե ցանկացած մասնագիտության մեջ մենք աշխատում ենք այլ մարդկանց հետ՝ գործընկերների, ղեկավարների, հաճախորդների կամ գործընկեր կազմակերպությունների։
Հստակ արտահայտել մտքերը, կարողանալ լսել դիմացինին, ճիշտ փոխանցել տեղեկատվությունը և կառուցել արդյունավետ համագործակցություն՝ աշխատանքի կարևոր բաղադրիչներից են։
Մասնագիտական գիտելիքները միայն սկիզբն են
Այս հմտություններից դժվար է ընտրել մեկը, որը կարևոր է բոլորից ավելի։ Իրական աշխատանքային միջավայրում դրանք հաճախ լրացնում են միմյանց։
Մասնագիտական գիտելիքները ցույց են տալիս՝ ինչ գիտես և ինչ կարող ես անել, իսկ soft skill-երը մեծապես որոշում են՝ ինչպես ես այդ գիտելիքներն օգտագործում իրական աշխատանքի ընթացքում և ինչպես ես համագործակցում մյուսների հետ։
Հենց այս համադրությունն էլ ժամանակի ընթացքում օգնում է ձևավորվել որպես ավելի ուժեղ և ինքնուրույն մասնագետ։