Դպրոցական տարիներին հաճախ ենք լսում նման արտահայտություններ․
«Մաթեմատիկայից լավ է, հաստատ հաշվապահ կամ ծրագրավորող կդառնա»։
«Լավ է շարադրություններ գրում, ուրեմն լրագրող կդառնա»։
«Գեղեցիկ նկարում է, պետք է դիզայներ դառնա»։
Առաջին հայացքից այս դատողությունները տրամաբանական են թվում։ Բայց այստեղ կա մի կարևոր խնդիր․ մենք հաճախ երեխայի՝ որևէ առարկայից լավ առաջադիմությունը շփոթում ենք ապագա մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ու համապատասխանության հետ։
Օրինակ՝ մաթեմատիկայից բարձր գնահատականներ ունեցող աշակերտը կարող է շատ լավ հասկանալ թվերն ու հաշվարկները, բայց դա դեռ չի նշանակում, որ նրան կհետաքրքրի հաշվապահի ամենօրյա աշխատանքը։
Հաշվապահությունը միայն թվերի հետ աշխատելը չէ։ Այն պահանջում է ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվություն, օրենսդրական փոփոխություններին հետևելու պատրաստակամություն, վերլուծական մտածողություն և փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։
Նույն կերպ՝ գեղեցիկ նկարող երեխան պարտադիր չէ, որ ցանկանա դառնալ դիզայներ, իսկ լավ հաղորդակցվողը՝ մարքեթոլոգ։
Երբ տարիներ շարունակ երեխային ասում են, որ նա պետք է ընտրի կոնկրետ մասնագիտություն, այդ պատկերացումը կարող է աստիճանաբար դառնալ նաև իր սեփական համոզմունքը։
Արդյունքում մասնագիտության ընտրության պահին նա կարող է առաջնորդվել նրանով, թե ինչն է իր մոտ լավ ստացվում դպրոցում՝ առանց հասկանալու, թե իրականում ինչ աշխատանք է ուզում կատարել ամեն օր։
Դեռ դպրոցական տարիներից կարևոր է հնարավորություն տալ երեխային ուսումնասիրել տարբեր մասնագիտություններ, ծանոթանալ դրանց իրական աշխատանքային գործընթացներին, փորձել տարբեր զբաղմունքներ և հասկանալ սեփական հետաքրքրությունները։
Մասնագիտություն ընտրելիս արժե հաշվի առնել միաժամանակ մի քանի գործոն՝ ինչն է մարդուն հետաքրքրում, ինչն է նրա մոտ լավ ստացվում, ինչ աշխատանքային միջավայր է նախընտրում և ինչ հնարավորություններ է առաջարկում տվյալ ոլորտը։
Ի վերջո, որևէ առարկայից լավ լինելը կարող է հուշել մասնագիտական ուղղությունը, բայց չպետք է որոշի ամբողջ ապագան։
Եվ գուցե մասնագիտություն ընտրելիս ամենակարևոր հարցը լինի ոչ թե «ո՞ր առարկայից ես լավ», այլ՝ «ի՞նչ աշխատանքով կցանկանայիր զբաղվել ամեն օր»։