Արտահայտություններ հարցազրույցի ժամանակ որոնք հուշում են քեզ. Փախչելու ժամանակն է
Մեզանից յուրաքանչյուրն անցնում է աշխատանքային այնպիսի հարցազրույցների միջով, երբ զգում ենք, որ ինչ-որ բան չի գնում այնպես, ինչպես ակնկալում էինք։
Հենց այս արտահայտություններն են, որոնք քեզ համար կարմիր լույս են՝ զգուշանալու և հնարավորինս արագ հեռանալու մասին․
«Հաճախ կարող է ստացվել այնպես, որ աշխատես աշխատանքային ժամերից դուրս»
Եթե հարցազրույցի ընթացքում հնչում է այս արտահայտությունը, դա նշան է, որ ընկերությունը ակնկալում է երկար աշխատանքային ժամեր՝ առանց համապատասխան փոխհատուցման և վարձատրության։
«Դու ամուսնացած ե՞ս, երեխաներ ունե՞ս կամ պլանավորու՞մ ես»
Սա ոչ միայն անհարմար, այլև մի շարք երկրներում օրենքի լուրջ խախտում պարունակող հարց է։ Եթե գործատուն շեղվում է անձնական կյանքի վրա, դա կարող է հուշել անհարիր հետաքրքրությունների և ապագայում սահմանների խախտման մասին։
«Աշխատավարձը երբեմն մի քիչ ուշանում է, բայց մենք միշտ վերջում վճարում ենք»
Ուշացած աշխատավարձը երբեք լավ նշան չէ։ Եթե դա արդեն նշվում է հարցազրույցի ընթացքում, պատկերացրու՝ ինչ կլինի ներսում։
«Մենք գնահատում ենք ճկունությունը՝ պատրաստ եղիր տարբեր պարտականություններ կատարել»
Սա հաճախ նշանակում է, որ չկան կոնկրետ սահմանված պարտականություններ, և քեզանից ակնկալվում է անել ամեն ինչ՝ գրասենյակի մաքրությունից մինչև թիմի ղեկավարում։
«Մեզ մոտ անփոխարինելի աշխատակիցներ չկան»
Սա նշան է այն բանի, որ ընկերությունում չկա գնահատանք յուրաքանչյուր աշխատակցի և նրա կատարած աշխատանքի հանդեպ, ինչը կարող է հանգեցնել ցածր մոտիվացիայի և արագ հիասթափության։
Այս և մի շարք նմանատիպ արտահայտություններ զգուշանալու ազդակներ են։ Ուշադիր եղիր, երբ գործատուն շեղվում է աշխատանքային հարաբերությունների ընդունված կանոններից կամ ակնկալում է ավելին՝ առանց փոխհատուցման։ Եվ մի վախեցիր ժամանակին հրաժարվել աշխատանքից, եթե զգում ես, որ այն քոնը չէ։