3 նշան, որ ձեր աշխատանքը ձեր «հագին փոքր է»

Չկա աճելու և զարգանալու հնարավորություն
Կյանքը կարծես կանգ է առնում, երբ թվում է, թե ամեն օր նույն առօրյան ենք ապրում:
Սիրելի աշխատանքն էլ ձանձրալի է դառնում, երբ միատոն ու կրկնվող է, երբ չենք հանդիպում նոր խնդիրների կամ խոչընդոտների, որոնց համար պետք է մտածել լուծումներ ու կիրառել մեր ներուժը:
Մարտահրավերները, որքան էլ երբեմն վախեցնող թվան, միևնույն է, աշխատանքի հաջողության մեջ կարևորագույն մաս են կազմում:
Աշխատանքը, որը չի նպաստում կարիերայի զարգացմանը, երբեմն կարող է նշանակել, որ այն քո «հագին փոքր է», ու այլևս չկան պաշտոններ ու վերելքներ, որոնք պետք է գրավել:
Մոտիվացիայի պակաս կամ իսպառ բացակայություն
Երբ չկան մարտահրավերներ ու աճելու շանսեր, ինքնըստինքյան մոտիվացիան անկում է ապրում: Աշխատանքը դադարում է լինել հետաքրքիր. այն դառնում է պարզապես պարտականություն, որը կատարում ես ավտոմատ կերպով:
Մոտիվացիայի պակասը ակնհայտ է դառնում, երբ այլևս չունես ձգտում նոր բան սովորելու, ջանք ներդնելու ու ավելի լավը դառնալու: Դա այն պահն է, երբ պետք է ինքդ քեզ հարց տաս՝ «ինչո՞ւ եմ ես դեռ այստեղ»:
Անառողջ հարաբերություններ աշխատակազմում
Տոքսիկ միջավայրը աշխատավայրում կարող է լինել շատ վնասակար՝ ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության համար։
Դա այն միջավայրն է, որտեղից մշտապես բացասական էներգիա ես ստանում, որտեղ առկա են բախումներ ու չլուծվող հակասություններ, աշխատակիցների նկատմամբ անհավասար վերաբերմունք, անպատասխանատու ղեկավար, մանիպուլյացիաներ և հանձնարարություններ, որոնք դուրս են տրամաբանությունից:
Երբ առողջ մրցակցությունը դուրս է գալիս սահմաններից, երբ մարդիկ միմյանց հետ չեն աշխատում որպես թիմ, այլ փորձում են միայն իրենց շահերը պաշտպանել, դա առաջացնում է սթրես ու վերացնում թիմային աշխատանքի արդյունավետությունը:
Այս նշանները պետք է ցույց տան, որ ժամանակն է փոփոխություններ մտցնել աշխատանքային կյանքում՝ գտնելու աշխատանք, որը լիարժեք կհամապատասխանի քեզ ու քո կարողություններին: