Հաշվապահությամբ հետաքրքրվող մարդկանց մի մասը մասնագիտությունն ընտրելուց հրաժարվում է դեռ մինչև հասկանալը՝ իրականում ինչ աշխատանք է կատարում հաշվապահը։ Պատճառը հաճախ ոլորտի մասին տարիներով ձևավորված պատկերացումներն են։
Ահա ամենատարածվածներից մի քանիսը։
Միֆ 1․ Հաշվապահ դառնալու համար պետք է շատ ուժեղ լինել մաթեմատիկայից
Հաշվապահի աշխատանքում թվերը շատ են, բայց բարդ մաթեմատիկան մասնագիտության հիմքը չէ։ Ավելի կարևոր են տրամաբանությունը, ճշտությունը, ուշադրությունը և հաշվապահական ու հարկային կանոնները հասկանալու կարողությունը։
Միֆ 2․ Հաշվապահությունը ամբողջ օրը թվեր հաշվել է
Ժամանակակից հաշվապահի աշխատանքի զգալի մասը կատարվում է ծրագրերով։ Հաշվապահը աշխատում է փաստաթղթերի հետ, վարում հաշվառում, կազմում և ներկայացնում հաշվետվություններ, հետևում հարկային պահանջներին ու վերահսկում տվյալների ճշտությունը։
Միֆ 3․ Սխալվելու դեպքում ամեն ինչ կարող է շատ վատ ավարտվել
Հաշվապահությունը պատասխանատու աշխատանք է, և սխալները կարող են հետևանքներ ունենալ։ Բայց մասնագիտությունը սովորելիս հենց դրա համար էլ կարևոր է հասկանալ գործընթացների տրամաբանությունը, սովորել ստուգել աշխատանքը և ճիշտ օգտվել ծրագրերից ու գործիքներից։
Միֆ 4․ Հաշվապահություն սովորելու համար արդեն պետք է ինչ-որ բան իմանալ ոլորտից
Մասնագիտությունը հնարավոր է սկսել զրոյից։ Ճիշտ կառուցված ուսուցման դեպքում սկզբում սովորում եք հիմքերը, իսկ հետո աստիճանաբար անցնում իրական հաշվապահական գործընթացներին ու գործնական աշխատանքին։
Միֆ 5. Հաշվապահի աշխատանքը միօրինակ է և զարգանալու տեղ չկա
Փորձի հետ կարող եք աշխատել ավելի բարդ հաշվառման ուղղություններով, մասնագիտանալ հարկային կամ կառավարչական հաշվառման մեջ, աշխատել տարբեր ոլորտների բիզնեսների հետ կամ անցնել ավելի պատասխանատու ֆինանսական դերերի։
Մասնագիտություն ընտրելիս կարևոր է որոշումը կառուցել իրական աշխատանքի պատկերացման վրա։ Եթե հաշվապահությունը դիտարկում եք որպես ապագա մասնագիտություն, նախ ուսումնասիրեք՝ ինչ է անում հաշվապահը, ինչ հմտություններ են անհրաժեշտ և ինչպիսին կարող է լինել ձեր զարգացման ճանապարհը։