Առաջին հայացքից հաշվապահությունն ու մարքեթինգը բավականին տարբեր մասնագիտություններ են։ Բայց ԲիՕնում դրանք մի կարևոր ընդհանրություն ունեն․ երկուսն էլ կարող եք սովորել մեր ակադեմիայում։
Ու հետաքրքիրն այն է, որ երբեմն մեզ դիմում են մարդիկ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ ինչ մասնագիտություն են ուզում սովորել, բայց արդեն հստակ որոշել են, թե որտեղ են սովորելու։
«Ուզում եմ ԲիՕնում սովորել, բայց դեռ չգիտեմ՝ հաշվապահությո՞ւն ընտրեմ, թե՞ SMM»։
Մի կողմից՝ մեզ համար շատ հաճելի է, որ վստահում եք ակադեմիային և պատրաստ եք մեզ վստահել ձեր մասնագիտական կրթությունը։
Բայց մյուս կողմից՝ մասնագիտություն ընտրելու համար միայն ուսումնական կենտրոնի նկատմամբ վստահությունը բավարար չէ։
Պատկերացրեք՝ ընտրել եք հաշվապահությունը, որովհետև հարմար է դասերի գրաֆիկը, հավանում եք դասընթացավարին կամ ծանոթներից լավ կարծիքներ եք լսել։ Բայց սովորելու ընթացքում հասկանում եք, որ ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում փաստաթղթերի, հաշվարկների ու ֆինանսական տվյալների հետ աշխատանքը։
Կամ ընտրել եք SMM-ը, որովհետև հետաքրքիր ու ստեղծագործական մասնագիտություն է թվում, բայց հետո պարզվում է, որ շուկայի ուսումնասիրությունը, ռազմավարության մշակումը, արդյունքների վերլուծությունն ու բիզնեսների հետ աշխատանքը ձեզ այնքան էլ չեն գրավում։
Երկու դեպքում էլ դասընթացը կարող է շատ լավը լինել, բայց ընտրված մասնագիտությունը՝ ձեզ չհամապատասխանել։
Իսկ ինչի՞ց սկսել մասնագիտության ընտրությունը։
Առաջին հերթին փորձեք հասկանալ՝ ինչով եք ցանկանում զբաղվել ամեն օր։
Ձեզ ավելի հետաքրքիր է աշխատել ֆինանսական տվյալների, հաշվարկների ու փաստաթղթերի՞ հետ, թե՞ ուսումնասիրել շուկան, հասկանալ սպառողների վարքագիծը և մշակել բիզնեսի առաջխաղացման լուծումներ։
Հետո ուսումնասիրեք՝ ինչ աշխատանքային հնարավորություններ ունի յուրաքանչյուր մասնագիտություն, ինչ հմտություններ են անհրաժեշտ և որքանով են դրանք համապատասխանում ձեր հետաքրքրություններին ու կարողություններին։
Եվ միայն դրանից հետո ընտրեք այն ուսումնական կենտրոնը, որտեղ կարող եք ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Մենք բնականաբար ուզում ենք, որ ԲիՕնի ուսանող դառնաք, բայց ավելի շատ ուզում ենք, որ ճիշտ մասնագիտություն ընտրեք։
Որովհետև մեր նպատակը միայն դասընթացին գրանցված ուսանողներ ունենալը չէ։ Մեզ համար կարևոր է, որ ավարտելուց հետո ցանկանաք շարունակել զարգանալ և աշխատել հենց այն մասնագիտությամբ, որն ընտրել եք։