Հատկանիշներ, որոնք կարեւոր են գործատուների համար աշխատակիցների մեջ
Պատասխանատվություն
Գործատուները վստահություն են փնտրում։ Նրանք ցանկանում են համոզված լինել, որ հանձնարարած գործը կկատարվի ժամանակին և որակով՝ առանց մշտական հսկողության։ Իսկ պատասխանատու աշխատողը չի սպասում հիշեցումների:
Թիմային աշխատանք
Շատերը կարծում են, թե լավ աշխատել նշանակում է միայն սեփական առաջադրանքները կատարել։ Իրականում գործատուները գնահատում են այն մարդկանց, ովքեր կարողանում են համագործակցել թիմակիցների հետ, լսել մյուսներին և նպաստել ընդհանուր արդյունքին։
Նախաձեռնողություն
Յուրաքանչյուր ղեկավար գիտի՝ թիմում ամենաարժեքավոր անդամը նա է, ով տեսնում է խնդիրն ու առաջարկում լուծում։ Նախաձեռնող աշխատակիցը չի սպասում հրահանգների: Նա տեսնում է հաջորդ քայլը, ինչն էլ տարբերում է նրան մյուսներից։
Սովորելու պատրաստակամություն և զարգանալու ձգտում
Աշխատաշուկայի պահանջներն արագ են փոխվում, և գործատուները գնահատում են այն մարդկանց, ովքեր պատրաստ են ձեռք բերել նոր գիտելիքներ, արագ հարմարվել փոփոխվող պայմաններին և մշտապես կատարելագործվել՝ թե՛ մասնագիտորեն, թե՛ անձնապես:
Ժամանակի կառավարում
Արդյունավետ ժամանակի կառավարումը ենթադրում է ոչ միայն արագություն, այլև կազմակերպվածություն և առաջադրանքների ճիշտ պլանավորում: Ուստի նախապատվությունը տրվում է այն աշխատակիցներին, ովքեր վերահսկում են իրենց ժամանակը և չեն խախտում վերջնաժամկետները։
Դրական վերաբերմունք
Աշխատանքի հաջողությունը կախված է ինչպես հմտություններից, այնպես էլ մթնոլորտից։ Դրական վերաբերմունք ունեցող աշխատակիցները ստեղծում են առողջ միջավայր և բարձրացնում թիմի արդյունավետությունը։ Գործատուները միշտ նշում են՝ տեխնիկական հմտությունները կարելի է սովորեցնել, բայց ճիշտ վերաբերմունքը՝ ոչ։