Հաղորդակցման հմտություններ․ ինչու են կարևոր և ինչպես զարգացնել արդյունավետ շփումը
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու քեզ դժվար է անցնել հարցազրույցները կամ ինչու նոր թիմում երկար ժամանակ զգում ես քեզ օտար։ Թվում է, թե գիտելիքներն ու փորձը բավարար են, բայց զրույցի ընթացքում ինչ–որ բան խանգարում է։ Երբեմն լռում ես, երբեմն շփոթվում ու ավելորդ մտքեր ես արտահայտում։
Պատճառը հաղորդակցման հմտությունների բացակայությունն է։ Հենց դրանք են օգնում վստահ ներկայացնել ինքդ քեզ, արագ գտնել ընդհանուր լեզու նոր մարդկանց հետ և ավելի հեշտ լուծել խնդիրները թե՛ աշխատավայրում, թե՛ անձնական կյանքում։
Շփման հմտությունները պայմանավորված են ինչպես բնավորության առանձնահատկություններով, այնպես էլ կյանքի փորձով։ Եթե մանկության տարիներին ունեցել ես անհաջող ելույթներ՝ դասի ժամանակ չկարողանալով ճիշտ պատասխանել կամ համալսարանում անհաջող ներկայացնելով նախագիծը, դա կարող է նվազեցնել ինքնավստահությունը և հետագայում դժվարացնել շփումները։
Ինչու են կարևոր հաղորդակցման հմտությունները
Կյանքի բոլոր ոլորտներում շփման կարողությունները մեծ դեր ունեն․
Անձնական հարաբերություններում – օգնում են կառուցել վստահություն, խուսափել վեճերից և ստեղծել ներդաշնակ մթնոլորտ։
Կարիերայում – թույլ են տալիս հաջողությամբ անցնել հարցազրույցներ և ստեղծել նոր կապեր։
Աշխատանքում – նպաստում են թիմային աշխատանքին, արագացնում գործերի կատարման ընթացքը։
Ֆինանսներում – հատկապես վաճառքների և բանակցությունների ոլորտում լավ հաղորդակցվող մասնագետները կնքում են ավելի շատ գործարքներ և բարձրացնում իրենց եկամուտը։
Հաղորդակցման 5 հիմնական բաղադրիչները
Ձայնի կառավարում
Վստահ, հնչեղ և հավասարակշռված խոսքը գրավում է ուշադրություն։ Ճիշտ շնչառությունն ու ինտոնացիան օգնում են ստեղծել դրական տպավորություն։Հստակ խոսք
Տրամաբանական և կառուցվածքային խոսքը թույլ է տալիս պարզ ու հասկանալի ներկայացնել այն, ինչ ուզում ես ասել։
Եթե խոսքի մեջ հաճախ օգտագործում ես ավելորդ բառեր, օրինակ՝ «ը՜», «դե», «մի խոսքով», «ի միջի այլոց», միտքը հնչում է անհասկանալի։ Իսկ երբ դրանք քիչ են օգտագործվում, խոսքը դառնում է պարզ ու վստահ։Ոչ վերբալ հաղորդակցում
Ժեստերը, դիմախաղը, կեցվածքը և աչքերի կոնտակտը փոխանցում են զգացմունքները ոչ պակաս, քան խոսքը։ Օրինակ՝ ժպիտը բացում է ճանապարհ դեպի վստահելի և ջերմ շփում։Լսելու կարողություն
Փորձիր ոչ միայն լսել, այլև հասկանալ զրուցակցիդ ասածը, տալ հստակեցնող հարցեր և ցույց տալ, որ իսկապես հետաքրքրված ես։Զգացմունքների կառավարում
Պահպանիր հանգստություն, հատկապես վեճերի ժամանակ կամ սթրեսային իրավիճակներում։ Հանդարտ և հավասարակշռված խոսքը վստահություն է փոխանցում։
Ինչպես զարգացնել հաղորդակցման հմտությունները
Սկսիր փոքր քայլերով՝ փորձիր ավելի շատ լսել, մտքերն արտահայտել հստակ ու առանց ավելորդ բառերի, ուշադրություն դարձնել մարմնի լեզվին։ Ակտիվորեն մասնակցիր քննարկումների, ներկայացումների և խմբային աշխատանքների։ Որքան շատ ես հաղորդակցվում, այնքան ավելի ինքնավստահ ես դառնում։
Հաղորդակցման հմտությունները բնածին հատկություն չեն․ ցանկացած մարդ կարող է զարգացնել իր շփման ունակությունները։ Արդյունքը կլինի ավելի առողջ հարաբերություններ, վստահ ելույթներ և նոր հնարավորություններ։