Ի՞նչ կլինի, եթե բիզնես սկսես ու չունենաս սկզբում քեզ անհրաժեշտ գիտելիքները
Շատերն են ցանկանում բիզնես սկսել, բայց քչերն են հաջողում:
Ինչն է պատճառը, որ մի մասը ձախողվում է, իսկ մյուսները՝ հիմնում են բիզնես ու կայանում ոլորտում:
Կարծու՞մ ես, որ ուղղակի նրանց բախտը ժպտում է:
Հաջողության հիմքում կամ անհրաժեշտ գիտելիքներն են ընկած, կամ բիզնես հոտառությունը: Առանց գիտելիքների, այլոց փորձի, նրանց հաջողությունների ու ձախողումների պատճառներն ուսումնասիրելու՝ այս ոլորտ մտնելը հաճախ շատ ռիսկային է։ Ավելի հստակ պատկերացնելու համար, ահա մի քանի խնդիր, որոնց հետ հնարավոր է առնչվես համապատասխան գիտելիքների բացակայության պայմաններում բիզնես սկսելու դեպքում.
• Կկորցնես ժամանակ ու ռեսուրսներ
Անկախ բիզնեսի տեսակից, մինչ սկսելը միշտ պետք է ունենալ մշակված ռազմավարություն:
Առանց գիտելիքների ճիշտ ռազմավարություն ընտրելը հաճախ ուղղակի երաշխավորված ձախողում է: Սխալ որոշումների կայացման հավանականությունը ավելի մեծ է, ինչն էլ խլում է մեծ գումարներ ու ժամանակ, և փոխարենը չի տալիս արդյունք:
Հարկավոր է ուսումնասիրել շուկան, մրցակից ընկերությունների քայլերն ու բիզնեսին բնորոշ առանձնահատկությունները՝ այս կերպ հնարավորինս ապահովագրելով բիզնեսը:
• Կկորցնես վստահությունը հաճախորդների շրջանում
Ցանկացած ոլորտում այլընտրանքները շատ են: Իսկ հաճախորդները միշտ ձգտում են ընտրել ամենահարմարը, հուսալին, որակյալը: Եթե բիզնեսը չունի այնպիսի որակ կամ պրոֆեսիոնալ մոտեցում, որն անհրաժեշտ է վստահության կառուցման համար, ապա բիզնեսը կկորցնի իր մրցակցային առավելությունները: Իսկ նրանք, ովքեր ունեն ավելի լավ ու հստակ պատկերացում հաճախորդի կարիքների և իրենց ապրանքի զարգացման հնարավոր ուղղությունների մասին, արագորեն ձեզ կշրջանցեն՝ առաջարկելով ավելի լավ ծառայություններ, ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ կամ ավելի հզոր մարքեթինգային ռազմավարություն:
• Չես կարողանա ունենալ նույն նպատակի համար աշխատող թիմ
Եթե բիզնես սկսելիս չունես աշխատակազմի ղեկավարման հմտություններ ու փորձ, դժվար թե կարողանաս ձևավորել թիմ, որը կաշխատի հօգուտ բիզնեսի աճի ու զարգացման: Նախ, կսխալվես մասնագետների ընտրության հարցում՝ ընտրելով ոչ մրցունակ մասնագետների, որոնք չեն կարողանա արդյունավետ աշխատել: Բացի այդ, եթե չգիտես, թե ինչպես ճիշտ ուղղություն տալ, որպեսզի թիմը գործի միասնաբար, կարող է առաջանալ իրավիճակ, երբ մասնագետները չեն տեսնում իրենց աշխատանքի արժեքը կամ չեն վստահում ղեկավարությանը: Արդյունքում, աշխատակիցները կարող են հեռանալ կամ այլևս հետաքրքրված չլինել իրենց աշխատանքով, ինչն էլ վնաս կտա բիզնեսի կայունությանը:
• Չես կարողանա ունենալ նույն նպատակի համար աշխատող թիմ
Բիզնեսը կարող է ունենալ հարկային կամ այլ պետական մարմինների հետ խնդիրներ, եթե չգիտես՝ ինչ փաստաթղթերի կամ պայմանների հիման վրա պետք է գործարքներ կատարես, երբ և ինչ տեսակի հարկային պարտավորություններ ունես կատարելու, կամ հնարավոր է՝ սխալ ես ընտրել հարկման համակարգը, որը չի համապատասխանում գործունեությանդ տեսակին: Նման շատ ու շատ խնդիրներին լուծումներ չտալը կհանգեցնի բազմաթիվ տուգանքների՝ ընդհուպ բիզնեսի փակման վտանգի:
Ի սկզբանե անհնար է ունենալ բիզնեսի մասին բոլոր գիտելիքները, քանի որ շատ ավելի մեծ բազա հավաքվում է տարիների փորձի արդյունքում: Սակայն, պարտադիր է, որ մինչ բիզնես սկսելը տիրապետես անհրաժեշտ բոլոր նախնական հմտություններին: