Ի՞նչ կետերով հետաքննություն պետք է անցկացնես դասընթաց ընտրելուց առաջ
Դասընթացների ընտրությունը մութ անտառ է. երբեք չես իմանա՝ թե ինչ է սպասվում ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դրանից հետո:
Հնարավոր է, որ հաջողությամբ դուրս գաս այնտեղից, հնարավոր է նաև ձախողես: Ուստի մինչ "անտառ" մտնելը պետք է խորը հետախուզական աշխատանքներ տանես և զինվես անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ գումարդ ու ժամանակդ այդ անտառում չկորցնելու համար: Եկեք մտովի վերցնենք մեզ հետ մի քանի կարևոր գործիք, որոնք պետք կգան հետաքննության ընթացքում:
Առաջինը՝ դասընթացի բովանդակությանն ու ժամային գրաֆիկի ուսումնասիրությունն է:
Ցավոք, այժմ շատ են այն դասընթացները, որոնք տալիս են ամեն ինչ, իրականում չտալով ոչինչ:
Դա այն դասընթացներն են, որոնք թվում է խոսում են ամեն մանրուքի մասին, բայց իրականում չեն տալիս ոչ մի կարևոր ու հստակ գիտելիք, որն անհրաժեշտ կլինի հետագա աշխատանքում: Կարևոր է նախապես ծանոթանալ դասընթացի բովանդակությանը՝ ինչ եք ուսումնասիրելու և ինչպես:
Ցանկացած դասընթացի կարևորագույն մասը գործնական աշխատանքների առկայությունն է:
Բնականաբար, տեսականը առաջնային և կարևոր է, քանի որ առանց դրա գործնական հմտությունների հիմքը կայուն չի կարող լինել: Բայց երբ սովորում ենք որևէ նոր բան, կարելի է համարել, որ տեսական գիտելիքներով անցել ենք անտառի դժվար անցանելի հատվածը 50 տոկոսով, իսկ մնացած 50 տոկոսի համար արդեն պատասխանատու է գործնական հատվածը։
Ուստի պետք է հարցաքննել ու պարզել՝ արդյոք շատ են լինելու վարժությունները և գործնական աշխատանքները, որպեսզի լավ հասկանաս՝ թե ինչ առաջադրանքների ու խնդիրների ես բախվելու աշխատելու ընթացքում և որքան լավ կկարողանաս հաղթահարել դրանք: Իսկ ինչ վերաբերում է ժամային գրաֆիկին՝ այն պետք է ճշտել ու մաքսիմալ հարմարեցնել քո գրաֆիկի հետ, որպեսզի չստացվի այնպես, որ գրանցվես, ծախսես գումար, և պարզվի, որ չես կարող հարմարեցնել քո ազատ ժամանակի հետ:
Հաջորդը՝ դասընթացավարների հետ ծանոթությունն է և նրանց մասին տեղեկատվության ուսումնասիրումը:
Ինչպես արդեն նշվեց, պետք է հավաքել հնարավորինս շատ տեղեկություն:
Ուսումնասիրված տեղեկատվության ցանկում մասնագետի մասին տեղեկությունը առաջնային տեղ է զբաղեցնում իր կարևորությամբ։
Նախապես լսիր կարծիքներ կենտրոնի, մասնագետի, նրա անցած ուղու, տարիների փորձի մասին:
Անիմաստ աղմուկը բովանդակալից տեղեկատվությունից տարբերելու համար ուշադրություն դարձրու դասընթացն ավարտած ուսանողների կարծիքներին ու արդյունքներին:
Ուսանողների կարծիքները լավագույնս կօգնեն քեզ, քանզի նրանք արդեն անցել են այն ամենի միջով, ինչը քեզ նոր է սպասվում։ Գաղափար կազմելու համար նաև խորհրդակցիր մասնագետի հետ՝ իմանալու մասնագիտական առանձնահատկությունները և պահանջվող հմտությունները։
Մեր կյանքում ամենամեծ հիասթափությունները գալիս են ստացած և չկատարված խոստումներից: Օրինակ՝ քեզ խոստանում են անմիջական շփում և կապ դասընթացավարի հետ, որ կարողանաս անկաշկանդ տալ քեզ հուզող հարցերը թե՛ դասերի ընթացքում, թե՛ դրանց ավարտից հետո, կամ խոստանում են աշխատատեղում տեղավորել, բայց այդպես էլ խոստումը մնում է օդում կախված: Ուշադրություն դարձրու՝ թե ինչ են քեզ խոստանում և սթափ գնահատիր՝ որքանով են այդ խոստումները իրատեսական: