Ի՞նչն է քեզ խանգարում սահմանել նպատակներ
Երազանքներ ունենալը հաճախ շատ հեշտ է, իսկ դրանք հստակ նպատակներ դարձնելը բավականին դժվար:
Միայն ցանկությունների առկայությունը մեզ հիմնականում ոչինչ չեն պարտավորեցնում, իսկ արդեն նպատակներն իրականացնելու համար պահանջվում են կամք ու գործելու պատրաստակամություն:
Նպատակները մեզ առաջ շարժող ուժն են, որոնց արգելափակող գործոնները պետք է բացահայտել եւ բացառել ձեր կյանքից:
Վախեր ու ցածր ինքնագնահատականը Սա նպատակներն արգելափակող ամենատարածված գործոններից է: Եթե չես հավատում ուժերիդ կամ վախենում ես ձախողումից, ապա չես հաջողի նպատակների սահմանման հարցում։ Մի թերագնահատիր քեզ ու ցանկացած նոր մեկնարկի ժամանակ ինքդ քեզ հիշեցրու, որ եթե մինչ այս ստացվել է մեկ ուրիշի մոտ, ապա կստացվի նաև քեզ մոտ:
Նպատակների հստակության բացակայություն։ Ինչպե՞ս հասնել վերջնակետին, երբ չգիտես էլ, թե ուր ես ուզում գնալ։ Մեզ վախեցնում է անորոշությունը, իսկ վերջնակետի հստակ չլինելն ու դրան տանող քայլերի հաջորդականության բացակայությունը մեզ ավելի է հեռացնում նպատակի սահմանումից։ Ցանկացած նպատակ ավելի իրականանալի կթվա, եթե կոնկրետացնես այն ու փոքր քայլերով գնաս դեպի այն:
Ժամանակի ու էներգիայի սխալ կառավարում։ Երբ չափազանց զբաղված ես առօրյա պարտականություններով, չես կարողանում ճիշտ պլանավորել ժամանակդ ու էներգիադ։ Այսպիսի պայմաններում ամենակարևոր ու անհրաժեշտ ռեսուրսներն արդեն սպառել ես, ու, բնականաբար, հերթը նպատակներ սահմանելուն չի էլ հասնելու։ Ամիսը մեկ անգամ փորձիր ազատել քեզ աշխատանքային առօրյայից ու կենտրոնանալ ինքդ քո, ցանկություններիդ ու նպատակներիդ վրա:
Սոցիալական ճնշումներ։ Շատ դեպքերում շրջապատը՝ ընկերները, ընտանիքն ու հասարակությունը, կարող են ազդել մարդու վրա ու խանգարել ազատորեն սահմանել նպատակներ՝ քո իսկ ցանկություններին համապատասխան։ Շատերը իրենց կարծիքներով միգուցե փորձեն «խրատել», «ուղղել» կամ առաջարկել այլ ուղիներ, ինչը քեզ կշեղի իրական ցանկություններիցդ։ Շրջապատիր քեզ աջակցող մարդկանցով, ու կտեսնես, թե որքան կփոխվի աշխարհդ դեպի դրականը:
Այս խոչընդոտների հաղթահարման համար կարևոր է հավատալ սեփական ուժերին, լսել ներքին ձայնին, զինվել անհրաժեշտ գիտելիքներով ու ապագայի հանդեպ դրական լիցքերով։