Ինչպես կառավարել ժամանակը՝ աշխատելու ու չմահանալու համար
Դու սթրեսի մեջ ես, քանի որ գործերն այնքան շատ են, որ թվում է՝ երբեք չեն վերջանալու: Ամեն օր փորձում ես կառավարել ժամանակը, բայց երբեմն ժամանակն ինքն է քեզ կառավարում՝ դարձնելով քեզ ճնշված ու հոգնած:
Նույնիսկ երբ կարծում ես, որ վերջապես կարող ես մի փոքր հանգիստ վերցնել, անելիքները միանգամից կուտակվում են:
Ինչպե՞ս աշխատել՝ չկորցնելով էֆեկտիվությունն ու միաժամանակ պահպանել առողջությունն ու հանգիստը:
Սահմանել առաջնահերթություններ
Երբ գործերը կուտակվում են, պետք է որոշել, թե որ աշխատանքն է իրականում կարևոր ու առաջնահերթ:
Պետք է խուսափես անպետք զբաղմունքներից, այնպիսիք, որոնք չեն բերում որևէ արդյունք, ու կունենաս ավելի շատ ազատ ժամանակ:
Կենտրոնացիր այն գործերի վրա, որոնք արդարացնում են ծախսված ժամանակը։
Պլանավորիր օրդ
Կա մի սխալ, որը շատերս ենք թույլ տալիս՝ փորձում ենք ամեն ինչ անել միանգամից։ Նույնիսկ եթե կարծում ես, որ էներգիադ թույլ է տալիս աշխատել մի քանի բանի վրա միաժամանակ, հիշի՛ր, որ դա հաճախ հանգեցնում է էներգիայի կորստի։
Հետաքրքիր է, բայց մի քանի գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց ժամանակը բաշխում են ամեն օր՝ նախապես պլանավորելով, ունեն ավելի բարձր արդյունավետություն ու ավելի քիչ սթրես։
Սահմանել վերջնաժամկետներ
Երբ որևէ խնդրի վրա ունես վերջնաժամկետ, սկսում ես ավելի կենտրոնացված ու արդյունավետ աշխատել։ Օրինակ՝ եթե հաշվապահ ես, կարող ես որոշել, որ մեկ հաշվետվություն կազմելուն տրամադրելու ես 1 ժամ ու անցնելու ես այլ աշխատանքի:
Սա օգնում է խուսափել ոչ էական գործողություններից, որոնք միայն վատնում են ժամանակդ:
Տրամադրել հանգստի ժամանակ ու կարևորել ցանկություններդ
Աշխատանքի կարևորությունը թերագնահատելն իհարկե սխալ կլինի, բայց երբ այն սկսում է խլել էներգիադ ու սթրեսի պատճառ դառնալ, ուրեմն գերագնահատել ես այն: Անհրաժեշտ է նաև հիշել հանգստի կարևորության մասին։ Պարբերաբար տրամադրիր ժամանակ քո սիրելի զբաղմունքներին ու մարդկանց, որպեսզի ժամանակին լիցքավորվես էներգիայով, ինչն էլ քեզ կօգնի ավելի լավ արդյունքներ գրանցել աշխատանքում:
Ժամանակի կառավարումը միայն աշխատանքի մասին չէ։ Այն կյանքի ու աշխատանքի միջեւ առողջ բալանս ապահովելու հիմքն է։
Երբ կարողանում ես ճիշտ կազմակերպել ժամանակդ, ոչ միայն կարողանում ես կատարել ավելի շատ աշխատանք, այլև ստանում եք հաճույք այդ պրոցեսից՝ առանց կորցնելու այն կարևոր բաները, որոնք կյանքը դարձնում են արժևորված։