Ինչպես դիմավորել նոր տարին առանց հունվարյան քննությունների մասին անհանգստանալու
Ամանորը շատերիս համար ամենասպասված տոներից մեկն է, բայց ուսանողների համար այն նաև քննական ևս մեկ դաժան շրջան է:
Նոր տարվան սպասում ենք ոչ միայն նոր երազանքներ, նպատակներ սահմանելու և իրականացնելու, այլև այդքան բաղձալի արձակուրդների համար:
Բայց ոչ ամանորյա տրամադրությունը, ոչ էլ առավել ևս արձակուրդները չեն կարողանում վայելել հունվարյան քննաշրջանի պատճառով, ու սկսվում է տագնապային զգացողությունը, թե ինչպես ենք համատեղելու խնջույքներն ու պարապմունքները:
Նոր տարվա մթնոլորտում հանգստանալու և քննությունների մասին անհանգստությունից խուսափելու համար կարող ես հետևել այս խորհուրդներին:
Պլանավորիր վերջնաժամկետներով
Ժամանակը ճիշտ օգտագործելու համար նախապես պլան կազմիր, թե երբ և ինչպես պատրաստվել քննություններին: Սահմանիր քեզ համար վերջնաժամկետ և տրամադրվիր, որ մինչ այդ օրը ավարտին ես հասցնելու բոլոր առարկաների պարապմունքը: Փորձիր ժամանակդ այնպես բաժանել, որ հնարավորություն ունենաս և՛ հանգստանալու, և՛ լիարժեք սովորելու:
Վստահիր ինքդ քեզ
Դու արդեն իսկ պլանավորել ես գործողություններդ, գիտես, երբ, ինչ ժամկետներում և ինչպես ես պատրաստվելու այս կամ այն քննությանը: Փորձիր թուլացնել տագնապային տրամադրությունդ ու սովորելու ժամանակ կենտրոնանալ ուսումնասիրվող նյութի վրա, իսկ հանգստի ժամերին ամբողջությամբ վայելել այն, ինչով զբաղված ես՝ անկախ նրանից դա կլինի ամանորյա ուտեստ պատրաստելը թե սիրելի ֆիլմը դիտելը:
Ժամանակ հատկացրու ինքդ քեզ
Ավելորդ սթրեսը միայն խանգարում է, իսկ առողջությունն ու հանգիստը ավելի կարևոր են: Եթե պլանավորումդ այնպես ես կատարել, որ ժամանակ ունես ազատ, ապա տրամադրիր այն քեզ: Բոլորս ունենք փոքրիկ թերապիաներ, որոնք մեզ երջանկացնում ու հանգստացնում են: Ներքին լարվածությունը ցրելու համար արա այն, ինչ քեզ հաճելի է, օրինակ՝ զբաղվիր ինքնախնամքով, երաժշտություն լսիր, նայիր զվարճալի ֆիլմեր, զբոսնիր կամ կատարիր մեդիտացիա: Սրանք կնպաստեն կենտրոնացմանը և աշխատանքի արդյունավետությանը:
Ներգրավիր քեզ ամանորյա աշխատանքների մեջ
Դիտարկիր Նոր տարվա արձակուրդները ոչ միայն որպես սպասվող քննական ևս մեկ տհաճ շրջան, այլ հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող ես նորից էներգիա հավաքել ու մտավոր հանգստություն գտնել: Պետք չէ մտքերը զբաղեցնել անիմաստ հոգսերով, այլ պետք է վայելել ու հնարավորինս սիրուն հիշողություններ ստեղծել տարվա այդքան սպասված տոնին: Ուրախ պահեր ստեղծելու և տոնը ավելի հիշարժան դարձնելու համար կարող ես, օրինակ, զարդարել ու ամանորյա շնչով լցնել տունը, ինքնուրույն պատրաստել քո սիրած քաղցրավենիքը կամ գնել նվերներ ինքդ քեզ և սիրելի մարդկանց համար: