Եթե ուզում եք մինչև տարվա վերջ նոր աշխատանք գտնել, միայն թափուր հաստիքներին CV ուղարկելը քիչ է։ Աշխատանքի որոնումն էլ է գործընթաց, որը պետք է կազմակերպել։
Քայլ 1․ Թարմացրեք CV-ն
Մի փորձեք այնտեղ տեղավորել ձեր ամբողջ աշխատանքային կենսագրությունը։ Թողեք այն փորձը, որը կապ ունի ձեր փնտրած աշխատանքի հետ։
Յուրաքանչյուր աշխատանքի դիմաց միայն պարտականություններ մի թվարկեք․ հնարավորության դեպքում ցույց տվեք նաև արդյունքը՝ թվերով, տոկոսներով կամ կոնկրետ օրինակներով։
Քայլ 2․ Թարմացրեք ձեր աշխատանքային պրոֆիլները
Ստուգեք LinkedIn-ը և այն հարթակները, որտեղ աշխատանք եք փնտրում․ արդյո՞ք թարմ են լուսանկարը, կոնտակտային տվյալները, փորձն ու հմտությունները։
Միացրեք նաև նոր հայտարարությունների ծանուցումները, որպեսզի համապատասխան հնարավորությունները բաց չթողնեք։
Քայլ 3․ Մի սահմանափակվեք միայն հայտարարություններին դիմելով
Գրեք նախկին ղեկավարներին, գործընկերներին, դասընթացավարներին կամ ոլորտի ծանոթներին։ Ոչ թե պարզապես՝ «աշխատանք եմ փնտրում», այլ հստակ նշեք՝ ինչ աշխատանք եք փնտրում և ինչ կարող եք անել։
Շատ հնարավորությունների մասին կարող եք իմանալ դեռ մինչև դրանց հրապարակումը։
Քայլ 4․ Նախապես պատրաստվեք հարցազրույցին
Մի սպասեք առաջին զանգին, որ նոր մտածեք՝ ինչ եք պատասխանելու։
Պատրաստեք ու բարձրաձայն փորձեք առնվազն այս 3 հարցի պատասխանները՝
- պատմեք ձեր մասին,
- ո՞րն է ձեր ամենակարևոր մասնագիտական ձեռքբերումը,
- ինչո՞ւ եք փոխում կամ փոխել նախորդ աշխատանքը։
Քայլ 5․ Աշխատանքի որոնումը դարձրեք համակարգված
Ստեղծեք պարզ աղյուսակ ու գրանցեք՝ որտեղ եք դիմել, երբ, ինչ հաստիքի համար, պատասխան ստացել եք, թե ոչ, և երբ է պետք կրկին կապ հաստատել։
Երբ միաժամանակ մի քանի տեղ եք դիմում, առանց այս համակարգի շատ հեշտ է կորցնել հնարավորությունը։
Եվ ամենակարևորը՝ մի սպասեք «հարմար պահի»։
Եթե նպատակը մինչև տարվա վերջ աշխատանք գտնելն է, առաջիկա ամիսներին ամեն շաբաթ պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ նոր դիմումներ, նոր կապեր, հարցազրույցների պատրաստում ու ձեր ներկայացման շարունակական բարելավում։
Աշխատանք գտնելը միշտ չէ, որ մեկ հաջող դիմումի արդյունք է։ Շատ ավելի հաճախ՝ ճիշտ կազմակերպված տասնյակ փոքր քայլերի։