Ինչպես պատրաստվել առաջին աշխատանքային օրվան- ակադեմիայի բլոգ
Առավոտյան գնում ես աշխատանքի ու գլխումդ մի քանի միտք է պտտվում՝
«իսկ եթե սխալվե՞մ», «եթե վատ տպավորություն թողնե՞մ», «հույս ունեմ ամեն ինչ լավ կանցնի»:
Առաջին աշխատանքային օրը բոլորի համար մի քիչ լարված է։
Բայց դա չի նշանակում, որ դու պատրաստ չես։ Դա նշանակում է՝ դու կարևոր քայլ ես անում։
Ահա 3 խորհուրդ, որոնք քեզ կօգնեն ավելի հանգիստ մտնել նոր միջավայր:
1. Մի փորձիր առաջին օրը բոլորին տպավորել
Սա ամենակարևոր միտքն է։ Շատերը առաջին աշխատանքային օրը փորձում են արագ ցույց տալ իրենց առավելությունները։ Արդյունքում՝ ավելորդ լարվածություն է կուտակվում:
Եթե քեզ աշխատանքի են ընդունել, նշանակում է՝ տեսել են քո պոտենցիալը։ Այսինքն՝ քո հանդեպ արդեն կա ձևավորված որոշակի վստահություն, ու պետք չէ ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ արժանի ես:
2. Թույլ տուր քեզ սովորողի դերում լինել ու հարմարվել
Առաջին օրը քեզ կարող է թվալ, որ շատ բան չես հասկանում, բայց ոչ ոք չի էլ սպասում, որ դու ամեն ինչ իմանաս։
Դա ժամանակավոր է: Ավելի կարևոր է, որ դու ուշադիր լսես, հարցեր տաս և ցանկանաս նոր բաներ սովորել։
Նպատակդ պետք է լինի հասկանալն ու հարմարվելը նոր պարտականություններին ու թիմի անդամներին, ոչ թե լինել իդեալական։
3. Մի համեմատիր քեզ մյուսների հետ
Թիմակիցներդ արդեն ամիսներ կամ տարիներ շարունակ աշխատում են այնտեղ ու ունեն փորձ։
Դու նոր ես սկսում։
Մի ծանրաբեռնիր քեզ «պետք է»-ներով՝ «պետք է ցույց տամ, որ ամեն ինչ հասկանում եմ», «պետք է անսխալ աշխատեմ»:
Փոխարինիր սա մեկ այլ մտքով՝ «Ես սովորելու փուլում եմ»։
Հիշիր՝ լարվածությունը անցողիկ է: Երկրորդ օրը արդեն ավելի հեշտ է լինելու։ Երրորդ օրը՝ էլ ավելի։ Առաջին աշխատանքային օրը քո մասնագիտական ճանապարհի սկիզբն է, ոչ թե քննություն, որը պետք է անսխալ հանձնես առաջին փորձից: