Ինչպիսի՞ աշխատավարձ բարձրաձայնել հարցազրույցի ժամանակ
Աշխատանքային հարցազրույցի ամենալարված ու պատասխանատու փուլերից մեկը աշխատավարձի հարցն է։ Շատերը հապաղում են հստակ թիվ ասել, քանի որ վախենում են «շատ ասել» ու մերժում ստանալ կամ էլ «քիչ ասել» ու իրենց «արժեքից» պակաս գնահատվել։
Եկե՛ք հասկանանք՝ ինչպես գտնել համարժեք աշխատավարձի չափը և ինչպես այն բարձրաձայնել վստահորեն։
Պատրաստվիր նախապես
Աշխատավարձի հարցին պատասխանը չպետք է հնչի որպես գուշակություն։ Նախքան հարցազրույցը՝ • Ուսումնասիրիր շուկան. պարզիր քո մասնագիտության, փորձի մակարդակի համար Հայաստանում ընդունված միջին աշխատավարձը։ • Օգտվիր աշխատանքի որոնման կայքերից՝ Staff.am, Job.am, CareerCenter.am, LinkedIn և այլն։ • Հարցուփորձ արա ոլորտում աշխատողներից՝ ընկերներից կամ ծանոթներից կամ համապատասխան ֆեյսբուքյան խմբերում։
Որոշիր նվազագույն և ցանկալի սահմանները
Հենվելով ձեռք բերված տվյալների վրա՝ սահմանիր երկու թիվ՝ • Նվազագույնը, որը պատրաստ ես ընդունել։ • Ցանկալին, որը իսկապես հաճույքով կստանաս։ Այսպիսով դու կունենաս բանակցելու շրջանակ՝ առանց հանկարծակի որոշումների։
Մի արժևորիր միայն գումարը
Երբեմն աշխատավարձը կարող է փոքր-ինչ ցածր լինել, բայց այն փոխհատուցվում է այլ բոնուսներով՝ առողջապահական ապահովագրություն, ճկուն աշխատանքային ժամեր, հիբրիդային աշխատանք, ուսումնական ծրագրեր և այլն։ Վերլուծիր ամբողջ առաջարկը՝ չկենտրոնանալով միայն գումարի վրա։
Ինչպե՞ս պատասխանել հարցին
Տարբերակ 1 – հստակ սահմաններով
«Իմ փորձի և ոլորտի շուկայական տվյալների հիման վրա՝ ակնկալում եմ աշխատավարձ 150,000–200,000 դրամի միջակայքում։ Իհարկե, բաց եմ քննարկման համար՝ կախված պարտականություններից և բոնուսներից»։
Տարբերակ 2 – հարց-պատասխան
«Ինձ հետաքրքիր է իմանալ՝ ձեր կազմակերպությունում այս պաշտոնի համար աշխատավարձի ինչ շրջանակ է նախատեսված, որպեսզի կարողանամ համեմատել իմ սպասելիքների հետ»։
Վստահ և ազնիվ եղիր
Մի վախեցիր արտահայտել ակնկալիքներդ։ Աշխատավարձը դա ժամանակիդ, փորձիդ և հմտություններիդ արժեքն է։ Եթե գործատուն քեզ ընտրում է՝ նշանակում է, որ քո հմտությունները իրենց պետք են։
Հիշիր՝ հարցազրույցը ոչ թե քննություն է, այլ երկխոսություն։ Երբ խոսում ես աշխատավարձի մասին, ցույց ես տալիս՝ ինչպես ես գնահատում քո ներդրումը։ Լավ գործատուն դա կընդունի ու կփորձի հասկանալ՝ ինչպես կարելի է փոխհամաձայնության գալ։