Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն, հետո չփոշմանելու համար
Դու կարող ես երկար տարիներ աշխատել նույն ոլորտում, բայց մասնագիտական սխալ ընտրության պատճառով հանկարծ զգալ, որ սխալ տեղում ես հայտնվել։
Ի՞նչն է կարևոր, երբ խոսքը վերաբերում է մասնագիտության ընտրությանը, ինչի՞ն է պետք հատուկ ուշադրություն դարձնել և ինչի՞ց է պետք խուսափել։
Շարունակիր կարդալ ու բացահայտել այն գործոնները, որոնք հաշվի առնելու դեպքում ընտրածդ մասնագիտությունը չի հոգնեցնի քեզ ու կբերի հաջողություն։
Հոբբիներ ու սիրած զբաղմունք
Մասնագիտությունը, որը կընտրես, պետք է համապատասխանի քո հետաքրքրություններին, հմտություններին ու բնույթին։ Սա առաջին ու կարևոր քայլն է՝ հարց տալ ինքդ քեզ, թե ինչն է քեզ հետաքրքրում և որն է քո ուժեղ կողմը։ Փորձիր հասկանալ՝ ինչով ես սիրում զբաղվել ազատ ժամանակ և ինչն է քեզ իսկապես ոգեշնչում։ Երբեմն ճիշտ որոշում է հոբբին դարձնել բիզնես և համատեղել աշխատանքն ու սիրելի զբաղմունքը։
Շտապողականություն
Մասնագիտության ընտրության որոշումը և հետագա աշխատանքը ուղիղ ձևով ազդում են մեր կյանքի որակի վրա։ Երբեմն սխալ ընտրությունն ու չսիրած աշխատանքը կարող են մեզ հասցնել դեպրեսիայի։ Հենց դրա համար էլ չարժե կատարել հապճեպ որոշումներ։ Ընտրության ճանապարհին շատ կօգնեն տարբեր ոլորտներում գործնական փորձերը։ Կարող ես մասնակցել կամավորական աշխատանքների կամ վերցնել internship, ինչը կօգնի ստանալ իրական պատկեր մասնագիտության մասին և հասկանալ՝ արդյոք ոլորտը համապատասխանում է քեզ, թե ոչ։
Շրջապատի ճնշումներ
Հաճախ ծնողները իրենց չիրականացված երազանքները բարդում են երեխաների վրա ու ստիպում ընտրել իրենց նախընտրած մասնագիտությունը։ Այս դեպքում կարևոր է դրսևորել համառություն ու վճռականություն՝ սեփական ցանկություններն առաջ տանելու համար։ Իհարկե, անհրաժեշտ է լսել կարծիքներ և խորհուրդներ, բայց հիշի՛ր, որ աշխատանքը, որը պետք է կատարես ընտրածդ մասնագիտությունից ելնելով, պետք է նախևառաջ հենց քեզ հաճույք պատճառի։
Պահանջներ ու պահանջարկ
Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր պահանջները։ Նախքան որոշում կայացնելը հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրիր ոլորտը․ ինչ է այն ներառում, պահանջում և որքանով է այն համընկնում քո նպատակների հետ։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել հնարավորությունները, որոնք կարող են բացվել այդ ոլորտն ընտրելիս։ Շատ կարևոր է հասկանալ՝ արդյոք այդ մասնագիտությունն ունի ապագա՝ աշխատաշուկայի պահանջարկի տեսանկյունից։ Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե մշտապես փոփոխվող մասնագիտությունների շարքում որքան մրցակցային կմնա ոլորտը ժամանակի ընթացքում։