Ինչո՞ւ է մասնագիտություն փոխելը դժվար, անգամ երբ վստահ ես, որ պետք է
Երբևէ զգացե՞լ ես, որ աշխատանքդ դարձել է միապաղաղ, ու զարգացման հնարավորություն այլևս չես տեսնում։ Բայց նույն ժամանակ, հենց մտածում ես մասնագիտությունդ փոխելու մասին, ներսումդ մեծ վախ է արթնանում։
Նման վախի առաջ կանգնում են տարբեր մասնագետներ՝ անկախ փորձից ու տարիքից։ Ոմանք փոփոխություններից խուսափելու համար իրենց համոզում են այսպես․
«Ես միշտ ջութակահար եմ եղել»։
«Իմ ամբողջ կարիերան կապված է ֆինանսների հետ»։
«Ինձ բոլորը ճանաչում են որպես իրավաբան»։
Այս մտքերը հասկանալի են, քանի որ մենք հաճախ մեր ինքնությունը կապում ենք հենց մեր մասնագիտության հետ։
Եկեք հասկանանք՝ ինչ վախերից դրդված եք մնում նույն ոլորտում, նույնիսկ երբ աճ չկա։
Անորոշության վախ․ չգիտես՝ ինչ է սպասվում նոր ոլորտում, և դա խանգարում է անել առաջին քայլը։
Սոցիալական սահմանափակումներ․ ընտանիքի, ընկերների կամ գործընկերների կարծիքը կարող է սահմանափակել․ «Դու արդեն կայացած մասնագետ ես, ինչո՞ւ սկսես զրոյից»։
Ֆինանսական կախվածություն․ կայուն եկամուտը թողնելը և նոր ներդրումներ անելն անորոշ է ու մտահոգող։
Սխալվելու վախ․ «Իսկ եթե արդեն տարիքս մեծ է, կամ իմ հմտությունները հնացած են, ու ինձ ոչ ոք աշխատանքի չի վերցնի։ Իսկ եթե դժվարություններ առաջանան, որոնք չկարողանամ հաղթահարել»։
Այս մտավախությունները շատերին են պահում նույն տեղում, նույնիսկ երբ առաջընթացի հնարավորություն չկա ներկայիս մասնագիտության մեջ։
Կյանքի տարբեր փուլերում ուղղություն փոխելն ավելի բնական է, քան թվում է։
Ինքդ քեզ գտնելը 30+, 40+, 50+ տարեկանում անգամ նորմալ է։
Մինչև անցյալ դար մարդիկ սովորաբար ընտրում էին մեկ մասնագիտություն ողջ կյանքի համար։ Հիմա ամեն ինչ այլ է․ տեխնոլոգիաները, շուկան ու կարիքները փոխում են մասնագիտությունների պահանջներն ու բնույթը։ Հայտնվում են նորերը, հները՝ վերափոխվում, ու ստիպված ես լինում քայլել ժամանակի ու պահանջների հետ։
Պարզ քայլեր՝ ինչպես սկսել փոփոխությունը
✔️ Հստակեցրու դրդապատճառը։ Գրի առ՝ ինչն է քեզ դրդում փոխվել ու նոր ուղղությամբ շարժվել։
✔️ Ուսումնասիրիր ոլորտը։ Փնտրիր հնարավորինս շատ տեղեկություն նոր մասնագիտության մասին տարբեր հարթակներում։
✔️ Հանդիպիր փորձառու մարդկանց հետ։ Հարցուփորձ արա իրական փորձի, հաջողությունների ու դժվարությունների մասին։
✔️ Գրանցվիր փորձնական կուրսերի՝ ստուգելու համար՝ արդյոք ոլորտը համապատասխանում է քո պատկերացումներին։
✔️ Սկսիր ֆրիլանս աշխատանք՝ հնարավորության դեպքում առանց հիմնական աշխատանքը թողնելու։
✔️ Մի վախեցիր սխալվելուց։ Սխալվելը նորմալ է, և ցանկացած քայլ կտա նոր գիտելիք ու փորձ։
Փոփոխությունը սկզբում կարող է վախեցնող թվալ։ Բայց երբ այն բաժանում ես փոքր քայլերի, ամեն քայլն էլ ավելի հեշտ է թվում իրագործել։ Յուրաքանչյուր փորձ քեզ սովորեցնում է նոր բան, տալիս է վստահություն ու բացում նոր հնարավորություններ՝ անկախ նրանից, թե քանի տարեկան ես կամ ինչ մասնագետ ես եղել տարիներ շարունակ։
Ու եթե անգամ ամենափոքր միտքը քեզ ներսից դրդում է փոփոխության, ապա դա բավականին լուրջ պատճառ է, որ սկսես հենց այսօր։