Ինքնագնահատականդ քո կողմից է թե՞ քեզ դեմ
Գիտես, որ կարող ես, բայց ամեն անգամ մի պահ հետ ես կանգնում։
Չես բարձրաձայնում գաղափարդ, որովհետև կասկածում ես՝ արժե՞։
Չես շտապում որոշում կայացնել, որովհետև վախենում ես սխալվելուց։
Շատ հաճախ խնդիրը կարողությունների պակասը չէ, այլ այն, թե ինչպես ես քեզ գնահատում դու։
Ինքնագնահատականը այն ներքին հայացքն է, որով մարդը տեսնում է իրեն։
Ոչ թե ինչքան գիտես, այլ ինչ ես քեզ իրավունք տալիս անել այդ գիտելիքով։
Ինքնագնահատականի տեսակներն են՝
Ադեկվատ
Մարդը տեսնում է իր ուժեղ ու թույլ կողմերը՝ առանց ինքնախաբեության։
Վստահ է իր վրա, բայց չի փորձում ինքնահաստատվել ուրիշների հաշվին։
Ընդունում է հետադարձ կապը և պահում է իր սահմանները։
- Կարո՞ղ եմ ընդունել քննադատությունը՝ առանց ինքնարժեզրկվելու
- Կարո՞ղ եմ ասել «ոչ»՝ առանց մեղքի զգացումի
- Սխալվելիս կարողանո՞ւմ եմ սովորել, ոչ թե փակվել
Եթե այս հարցերին հաճախ պատասխանում ես «այո», քո ինքնագնահատականը առողջ է։
Չափազանց բարձր
Մարդը հակված է գերագնահատել իր հնարավորությունները, դժվար է ընդունում սխալները և հաճախ չի լսում հակադարձ կարծիքներ։
Վստահությունը այստեղ ավելի շատ պաշտպանական մեխանիզմ է։
- Քննադատությունը սովորաբար ինձ նյարդայնացնո՞ւմ է
- Հաճա՞խ եմ մտածում, որ ուրիշները պարզապես «չեն հասկանում»
- Սխալների համար ավելի հեշտ է մեղադրել ուրիշներին, քան ինձ
Եթե այս հարցերը քեզ անհարմար են թվում, արժե դիտարկել՝ վստահությունն իրական է, թե պաշտպանական։
Ցածր
Մարդը թերագնահատում է իր արածը, կասկածում է սեփական որոշումների վրա և կախված է շրջապատի կարծիքից։
Նույնիսկ ունենալով բավարար գիտելիքներ՝ նա սահմանափակում է իրեն։
- Գովասանք լսելիս մտածո՞ւմ եմ, որ «պարզապես բախտ է»
- Որոշումներ կայացնելիս մշտապես սպասո՞ւմ եմ ուրիշների հաստատմանը
- Ինձ համար դժվար է բարձրաձայնել իմ ցանկությունները
Եթե այս հարցերը հաճախ քեզ ծանոթ են, խնդիրը կարող է լինել ոչ թե կարողությունների, այլ ինքնագնահատականի մեջ։
Ինչպես ձևավորել առողջ ինքնագնահատական՝
Սահմանիր իրատեսական նպատակներ
Փոքր, հստակ քայլերը ստեղծում են առաջընթացի զգացողություն։
Սովորիր ընդունել գովասանքը
Առանց արդարացումների։ Պարզ «շնորհակալություն»-ը բավարար է։
Ընտրիր քեզ
Լսիր քո կարիքները, համաձայնվիր այն բաներին, որոնք քեզ հարմար են, և ասա «ոչ»՝ առանց ինքնամեղադրանքի։
Մի համեմատիր քեզ ուրիշների հետ
Յուրաքանչյուրն ունի իր ռիթմը։ Քո ճանապարհը քոնն է։
Առողջ ինքնագնահատականը բարձր խոսքեր չեն։
Դա ներքին համաձայնություն է քեզ հետ՝ գործել, նույնիսկ երբ վստահությունը 100% չէ