Դասընթաց ընտրելիս միայն ծրագիրն ու գինը նայելը քիչ է։ Կան բաներ, որոնք դեռ մինչև գրանցվելը կարող են հուշել՝ արժե՞ այստեղ ներդնել ժամանակդ ու գումարդ թե ոչ։
Խոստանում են արդյունք, որը ոչ ոք չի կարող երաշխավորել
«Մեկ ամսում կդառնաս մասնագետ», «ավարտելուց հետո հաստատ աշխատանք կգտնես», «կսկսես այսքան գումար աշխատել»։
Լավ դասընթացը կարող է քեզ տալ գիտելիք, պրակտիկա ու աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ։ Բայց քո փոխարեն փորձ հավաքել կամ աշխատանք երաշխավորել չի կարող։
Չես հասկանում՝ ավարտելուց հետո կոնկրետ ինչ ես կարողանալու անել
Ծրագրում շատ գեղեցիկ թեմաներ կան, բայց պարզ չէ՝ դրանցից հետո ինչ գործնական հմտություններ ես ունենալու։
«Կսովորես մարքեթինգ»-ը և «կկարողանաս ինքնուրույն կազմել մարքեթինգային ռազմավարություն»-ը՝ նույն բանը չեն։
Պրակտիկան սկսվում ու ավարտվում է տնային աշխատանքով
Մասնագիտություն սովորելու դեպքում կարևոր է ոչ միայն լսել, այլ կիրառել։ Իրական խնդիրների, քեյսերի ու գործիքների հետ աշխատանքը շատ ավելի լավ է ցույց տալիս՝ իրականում ինչ ես սովորել։
Հարցերին հստակ պատասխաններ չես ստանում մինչև վճարելը
Ո՞վ է դասավանդելու, ինչպե՞ս են անցկացվելու դասերը, որքանո՞վ է ծրագիրը պրակտիկ, ինչպե՞ս է տրվում հետադարձ կապը, ի՞նչ ես կարողանալու անել ավարտելուց հետո։
Եթե այս հարցերի պատասխանները մշուշոտ են, դա արդեն կանգ առնելու պատճառ է։