30-ից հետո մասնագիտություն փոխելու որոշումը հաճախ ավելի բարդ է թվում, քան 20 տարեկանում։ Արդեն ունեք աշխատանքային փորձ, որոշակի եկամուտ, պարտավորություններ, իսկ նոր ոլորտում գուցե ստիպված լինեք որոշ բաներ սկսել գրեթե զրոյից։
Բայց կա նաև մյուս կողմը․ դուք նոր մասնագիտություն չեք մտնում զրոյից։ Ձեզ հետ բերում եք տարիների ընթացքում ձևավորված աշխատանքային փորձը, պատասխանատվությունը, հաղորդակցման, խնդիրներ լուծելու և կազմակերպվելու հմտությունները։
Սկսեք ոչ թե աշխատանքից դուրս գալուց, այլ նոր ոլորտն ուսումնասիրելուց
Մասնագիտության փոփոխությունը պարտադիր չէ սկսել կտրուկ քայլով։
Նախ ուսումնասիրեք՝
- ինչ մասնագիտություններ են ձեզ հետաքրքրում,
- ինչ աշխատանք են իրականում կատարում այդ մասնագետները,
- ինչ հմտություններ են պահանջվում,
- ինչ հնարավորություններ կան աշխատանքի շուկայում։
Հասկացեք՝ ձեր նախկին փորձից ինչ կարող եք տեղափոխել նոր ոլորտ
Եթե փոխում եք մասնագիտությունը, դա չի նշանակում, որ նախորդ տարիների փորձն այլևս արժեք չունի։ Հաճախ հենց փոխանցելի հմտություններն են օգնում ավելի արագ առաջ գնալ՝
Հաճախորդների հետ աշխատանք
Վաճառք
Թիմային աշխատանք
Վերլուծական մտածողություն
Պատասխանատվություն
Կառավարման փորձ։
Ընտրեք ուսուցում, որը մոտեցնում է իրական աշխատանքին
Մի կենտրոնացեք միայն դասընթացն ավարտելու կամ վկայական ստանալու վրա։ Մինչ սովորելը պարզեք՝ ինչ եք կարողանալու անել ավարտելուց հետո։ Նոր ոլորտ մտնելու համար կարևոր է ոչ միայն տեսական գիտելիքը, այլ նաև գործնական աշխատանքը, իրական առաջադրանքներն ու պորտֆոլիոն, եթե մասնագիտությունը դա պահանջում է։
Մի սպասեք, մինչև «ամբողջությամբ պատրաստ» լինեք
Շատերը նոր աշխատանք փնտրելը հետաձգում են՝ մտածելով, որ դեռ բավականաչափ գիտելիք չունեն։ Բայց աշխատանքի պահանջները հասկանալու լավագույն ձևերից մեկը հենց հայտարարություններ ուսումնասիրելն ու հարցազրույցների մասնակցելն է։ Այդպես ավելի հստակ կտեսնեք՝ ինչ գիտեք արդեն և ինչն է դեռ պետք զարգացնել։
Պատրաստ եղեք, որ առաջին աշխատանքը կարող է միջանկյալ քայլ լինել
Նոր ոլորտում առաջին առաջարկը պարտադիր չէ լինի ձեր ցանկալի պաշտոնն ու եկամուտը։ Երբեմն առաջին աշխատանքը հնարավորություն է տալիս ձեռք բերել այն փորձը, որը մի քանի ամիս կամ մեկ տարի անց արդեն բացում է հաջորդ հնարավորությունը։
30-ից հետո մասնագիտություն փոխելիս ձեր առավելությունն այն է, որ արդեն գիտեք՝ ինչ է նշանակում աշխատել, պատասխանատվություն վերցնել և արդյունք ապահովել։ Հիմա խնդիրը այդ փորձին նոր մասնագիտական գիտելիք ավելացնելն ու ճիշտ ձևով նոր ոլորտ տեղափոխելն է։
Մասնագիտության փոփոխությունը պարտադիր չէ սկսել մեկ մեծ ու ռիսկային քայլով։ Այն կարելի է անել փուլերով՝ ուսումնասիրել, սովորել, փորձել, ձեռք բերել առաջին փորձը և հետո անցնել նոր աշխատանքի։