Արտաժամյա աշխատանքը երբեմն անհրաժեշտություն է, բայց երբ այն դառնում է աշխատանքային օրվա սովորական մաս, արդեն արժե խոսել դրա ռիսկերի մասին։
Եթե ժամանակ առ ժամանակ ստիպված եք մի քանի ժամ ավելի աշխատել, դա դեռ խնդիր չէ։ Բայց երբ 9–10 ժամանոց աշխատանքային օրը դառնում է սովորական ռեժիմ, երկարաժամկետում կարող է ազդել ոչ միայն ինքնազգացողության, այլ նաև աշխատանքի որակի վրա։
Նվազում է կենտրոնացումը
Երկար աշխատելուց հետո ավելի դժվար է նույն ուշադրությամբ շարունակել առաջադրանքները։ Արդյունքում աշխատանքը կարող է ավելի երկար տևել, իսկ սխալների հավանականությունը՝ մեծանալ։
Կուտակվում է հոգնածությունը
Եթե աշխատանքային օրվա ավարտից հետո բավարար ժամանակ չի մնում հանգստի ու վերականգնման համար, հաջորդ օրը սկսում եք արդեն նախորդ օրվա հոգնածությամբ։
Տուժում է որոշումների որակը
Հոգնած վիճակում ավելի դժվար է վերլուծել իրավիճակը, առաջնահերթություններ սահմանել և ճիշտ որոշումներ կայացնել։ Սա հատկապես նկատելի է մտավոր աշխատանք կատարողների դեպքում։
Աշխատանքային ու անձնական ժամանակի սահմանները վերանում են
Երբ աշխատանքը պարբերաբար տեղափոխվում է երեկոներ, ավելի քիչ ժամանակ է մնում քնի, հանգստի, ընտանիքի ու անձնական զբաղմունքների համար։ Իսկ հենց այդ ժամանակն է անհրաժեշտ հաջորդ աշխատանքային օրվանից առաջ վերականգնվելու համար։
Աշխատանքային ու անձնական ժամանակի սահմանները վերանում են
Հատկապես երկար աշխատանքային շաբաթների դեպքում հետազոտությունները ցույց են տալիս նաև առողջական ռիսկերի աճ։ ԱՀԿ-ն և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը շաբաթական 55 և ավելի ժամ աշխատելը կապել են սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի ավելի բարձր ռիսկի հետ՝ համեմատած շաբաթական 35–40 ժամ աշխատանքի հետ։
Սակայն կարևոր է հասկանալ, որ 8 ժամը միանշանակ սահման չէ, որից հետո աշխատանքն անմիջապես դառնում է վնասակար։
Կարևոր են շաբաթական ընդհանուր ծանրաբեռնվածությունը, աշխատանքի բնույթը, ընդմիջումները, քունը և այն, թե երկար աշխատանքային օրերը բացառություն են, թե մշտական ռեժիմ։
Եթե աշխատանքը պարբերաբար չի տեղավորվում աշխատանքային ժամերի մեջ, գուցե արժե հարցնել ոչ թե՝ «ինչպե՞ս հասցնել ավելի երկար աշխատել», այլ՝ «ինչո՞ւ չեմ հասցնում աշխատանքային ժամերի ընթացքում և ի՞նչ կարելի է փոխել աշխատանքի կազմակերպման մեջ»։