Պատրա՞ստ ես փոփոխությունների 2025 թվականին
Ցանկացած փոփոխություն սկզբնական փուլում նման է սարսափ ֆիլմի՝ չգիտես՝ այն ուր կտանի քեզ՝ փակուղի՞, թե՞ նոր լուսավոր ճանապարհ:
Վստահաբար, կյանքի ընթացքը փոխելն ու հարմարավետության (կոմֆորտ) զոնայից դուրս գալը ամենահաճելի որոշումներից չէ: Մեզ բոլորիս դժվար է դուրս գալ այն իրավիճակից, որտեղ մեզ հարմար է, ու փորձել բացել նոր դուռ, որտեղ մեզ սպառնում են անհանգստություններն ու անհայտի հանդեպ վախը:
- Վախենում ենք փոխել մասնագիտությունն ու հրաժարվել մեզ տհաճ աշխատանքից:
- Խուսափում ենք փորձել նոր բաներ՝ մտածելով, որ անիմաստ ժամանակ ու ռեսուրս ենք ծախսելու:
Չենք փորձում մտածել դրական ու պատկերացնել, որ միգուցե նոր մասնագիտություն ձեռք բերելը մեզ «կնվիրի» նաև նոր ծանոթություններ, նոր աշխատանք ու նոր միջավայր, որը մեզ շատ ավելի հաճելի կլինի: Կամ նոր մասնագիտությամբ կկարողանանք հիմնել մեր սեփական բիզնեսն ու գեներացնել մեր բոլոր գաղափարներն առանց սահմանափակումների:
Բայց եթե հասել ես այն կետին, որ գլխումդ առաջացել է կյանքդ փոխելու միտքը, ապա ամենայն հավանականությամբ այնպիսի կետում ես, որտեղ փոփոխությունը հաստատ անհրաժեշտ ու առաջնային որոշում է:
Կարևոր է գիտակցել, որ հաճախ այդ նոր ու անհայտ դռներն են բացում մեր իրական հնարավորությունների դաշտը, բայց որքան էլ կարիքը ունենանք որևէ բան մեր կյանքում հիմքից փոխելու, պետք է հիշել, որ դա պահանջում է ջանքեր: Այստեղ պետք է հասկանալ՝ արդյոք մենք պատրաստ ենք հաղթահարել այն դժվարությունները, որոնք անխուսափելի են փոփոխություններ կատարելիս:
Եկեք մի քանի հարց տանք ինքներս մեզ ու դրանց պատասխանելով հասկանանք՝ արդյոք պատրաստ ենք այս փուլում փոփոխությունների:
Պատրա՞ստ ենք արդյոք բաց թողնել մեր վախերն ու դիմակայել սպասվող անհայտությանը:
Նոր բան փորձելիս վախեր ունենալը, որքան էլ նորմալ է համարվում, այնուամենայնիվ հենց այս գործոնն է առաջինը մեզ հետ պահում ցանկացած նոր բան փորձելու մտքից: Այն միշտ խանգարում է առաջ շարժվել, թողնել անցյալն ու հնացած վարքագիծը և մտածել նորովի, որտեղ մենք բաց ենք բոլոր հնարավորությունների համար:
Հարկավոր է հավատալ սեփական ուժերին, զինվել նոր գիտելիքներով ու ձեռք բերել նոր հմտություններ: Չէ՞ որ վախերը հաղթահարում ենք միայն այն ժամանակ, երբ համառորեն առերեսվում ենք դրանց հետ:
Ունե՞նք անհրաժեշտ հոգեկան և ֆիզիկական պատրաստվածություն:
Ցանկացած փոփոխություն ու որոշում կարող է խորը ազդեցություն ունենալ ոչ միայն մեր կյանքի ընթացքի, այլև մեր ներքին աշխարհի վրա: Դրանք կարող են մեզնից պահանջել ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական աշխատանք ու ժամանակ: Օրինակ՝ եթե փոփոխությունը մեծ է ու ազդեցիկ, ապա այն կարող է ներքին հակամարտություն ու սթրես առաջացնել մեզանից ավելի մեծ թվացող արդյունքների նկատմամբ:
Ու, որպես կանոն, մենք այդ արդյունքները շատ վատն ենք պատկերացնում: Կամ, օրինակ, առանձնապես շփում չսիրող մարդու մոտ փոփոխությունների մասին մտքերը կարող են առաջացնել դեպրեսիա՝ մինչև նոր միջավայրին ու պայմաններին հարմարվելը:
Ուստի, ամեն անգամ, երբ համարձակվում ենք դուրս գալ մեր հարմարավետ տաքուկ անկյունից, պետք է կարողանանք մաքրել բացասական մտքերը, գիտակցել ու պատրաստ լինել ներդնել հոգեկան ու ֆիզիկական մեծ ջանքեր: Լավ նորությունն այն է, որ այս ամենի դրական հետևանքները դուք կզգաք շատ շուտով:
Որքանո՞վ ենք գիտակցում, որ մեր առաջին փորձերը հնարավոր է ձախողվեն:
Պատկերացրու՝ վերջապես հավաքել ես բոլոր ուժերդ, մտքումդ իդեալական գծել ամեն ինչ ու վստահ ես, որ հաջողելու ես, և ահա վրա է հասնում առաջին ձախողումը: Բավականին տխուր իրավիճակ է:
〉Կյանքը փոխելու որոշումը ենթադրում է անընդհատ հանդիպող դժվարություններ ու անգամ բացասական արդյունքներ: Այս գործընթացը պահանջում է ժամանակ ու կայունություն: Ու շատ քիչ են այնպիսի մարդիկ, ովքեր հաջողել են հենց առաջին անգամից (եթե, իհարկե, այսպիսիք առհասարակ գոյություն ունեն): Կարևոր է գիտակցել, որ ձախողումը պարտություն չէ, այլ հնարավորություն՝ հասկանալու, թե ինչը կարող ենք բարելավել: Պետք է բաց թողնենք ինքնամեղադրական մտքերը, վերլուծենք թույլ տված սխալները: Եթե յուրաքանչյուր ձախողում համարենք գործընթացի մաս, որը մոտեցնում է երազած հաջողությանը, ապա մեր հաջորդ քայլերի պլանավորումն ու իրագործումը ավելի հեշտ ու արագ կտրվի:
Որևէ բան փոխելը միշտ սկսվում է փոքր քայլերից, և յուրաքանչյուր քայլ առաջ է բերում ավելի մեծ ու դրական փոփոխություններ: Ի վերջո, հաղթում է նա, ով չի դադարում փորձել:
Կարճ ասած, կյանքը փոխելու որոշումը միշտ կապված է ինչպես հոգեկան ապրումների, այնպես էլ արտաքին ռիսկերի հետ: Եթե պատրաստ եք հաղթահարել վերը նշված ռիսկերը, ապա ձեր որոշումները շատ շուտով ձեզ կտան այն կյանքը, որի մասին այսօր դեռ երազում եք՝ տալով ինքնավստահություն, գիտելիքների նոր պաշար, փորձառություն ու այն նպատակի իրագործում, ինչի համար պայքար եք մղել և ներքին, և արտաքին աշխարհում:
Հիշեք՝ հաջողությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ ջնջում ենք մեր մտքում գծած սահմանափակումները և պատրաստ ենք ընդունել նոր մարտահրավերներ: