5 վախեր, որոնք խանգարում են ղեկավարներին զարգացնել բիզնեսը
«Իսկ եթե ձախողեմ բիզնեսը, բոլորը կտեսնեն ու կքննադատեն ինձ…»
«Եթե սխալ որոշում կայացնեմ, կարող եմ կորցնել ամեն ինչ…»
«Եթե թիմին վստահեմ կարևոր գործերը, գուցե ամեն բան քանդվի…»
Այս մտքերը հաճախ ծնվում են ղեկավարների գլխում՝ հատկապես բիզնեսի վաղ փուլերում։ Բայց փաստ է՝ բիզնեսի ճանապարհը առանց ռիսկի, սխալների ու փոփոխությունների գոյություն չունի։
Սակայն շատ բիզնես ղեկավարներ խուսափում են ռիսկի դիմելուց, ռազմավարություն փոխելուց կամ բիզնեսն ընդլայնելուց։
Եվ հենց այդ վախերն ու ներքին սահմանափակումներն են դառնում բիզնեսի աճի ու զարգացման հիմնական խոչընդոտները։
Եկեք դիտարկենք 5 տարածված վախեր, որոնք խանգարում են առաջ շարժվել բիզնեսում, և քայլեր՝ դրանք հաղթահարելու համար․
Անհաջողության վախ
Այս վախը հանդիպում է թե՛ սկսնակ, թե՛ փորձառու գործարարների մոտ։ Այն հաճախ առաջանում է մրցակիցների ձախողումներից, սեփական անհաջող փորձերից կամ ապրանքի/ծառայության նկատմամբ անվստահությունից։
Այս վախը խանգարում է իրագործել նոր գաղափարներ և ստեղծել հետաքրքիր առաջարկներ։
📌 Ինչ անել․ Կիսվել բիզնես գաղափարներով փորձառու գործարարների հետ, ստանալ նրանց խորհրդատվությունը։
Ֆինանսական կորուստների վախ
Մեծ ներդրումների ժամանակ ղեկավարները հաճախ անհանգստանում են՝ արդյոք գումարը ճիշտ կօգտագործվի և արդյոք կկարողանան վերադարձնել այն շահույթի տեսքով։
Այս վախը կարող է առաջացնել սթրես և խանգարել կարևոր որոշումներ ընդունելուն։
📌 Ինչ անել․ Կատարել մանրամասն ֆինանսական պլանավորում, ֆինանսիստի օգնությամբ հաշվարկել ռիսկերն ու ծախսերը՝ կորուստների վտանգը նվազեցնելու համար։
Փոփոխությունների վախ
Փոփոխությունների հանդեպ վախը կարող է կանգնեցնել բիզնեսի զարգացումը։ Եթե ճիշտ չգնահատվեն շուկայի պահանջները և հաճախորդների ակնկալիքները, փոփոխությունները կարող են վնասել պրոդուկտի վարկանիշին և վաճառքներին։
📌 Ինչ անել․ Փոփոխությունները չանել միանձնյա, այլ քննարկել թիմի հետ, ուսումնասիրել շուկայի արձագանքը և ըստ վերլուծության կայացնել հետագա որոշումները։
Վերահսկողությունը կորցնելու վախ
Շատ ղեկավարներ ցանկանում են ամեն բան իրենց հսկողության տակ պահել՝ անգամ ամենափոքր աշխատանքները։ Սա հանգեցնում է գերծանրաբեռնվածության, իսկ թիմը դառնում է պասիվ ու դեմոտիվացված։
📌 Ինչ անել․ Վստահել թիմին և ճիշտ ձևով բաժանել աշխատանքները։ Երբ ղեկավարն ազատվում է մանր գործերից, կարողանում է զբաղվել կարևոր՝ ռազմավարական հարցերով, իսկ թիմը աճում է ու դառնում ավելի նախաձեռնող։
Վերահսկողությունը կորցնելու վախ
Գոյություն ունի հոգեբանական երևույթ, որը կոչվում է achievemephobia՝ վախ հաջողությունից։ Հետաքրքիր է, որ ձեռներեցների մոտ անհաջողության և ֆինանսական վախերին զուգահեռ երբեմն առաջանում է նաև հաջողության վախ։
Սա կապված է ցածր ինքնագնահատականի և ներշնչված կարծրատիպերի հետ։
📌 Ինչ անել․ Հասկանալ վախի պատճառները և քայլ առ քայլ փորձել հաղթահարել դրանք։ Այսպիսի դեպքերում խորհուրդ է տրվում աշխատել հոգեբանի հետ։
Բիզնեսում հաջողության հասնելու համար երբեմն անհրաժեշտ է տարիներ շարունակ սխալվել, փորձարկել ու չհանձնվել։
Վառ օրինակ է Ջեյմս Դայսոնի պատմությունը․ նա ստեղծել է ավելի քան 5000 անարդյունավետ մոդել, մինչև ստացել է առանց պարկի աշխատող փոշեկուլի հաջողված տարբերակը։ Այդ պրոցեսը նրանից խլել է մոտ 15 տարի։
Արդյունքում Dyson ընկերությունը 2019թ․-ին հասավ 7.3 միլիարդ դոլար շրջանառության, իսկ Դայսոնը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը։